Վարսենիկ Մելիք-ՍտեփանյանԱռաջաձոր գյուղում, գյուղից վեր՝ Խաչին խութում, գտնվում է Մելիք-Ստեփանյանների տոհմական գերեզմանատունը, որի կենտրոնում մի մատուռ կա: Դա Վարսենիկի դամբարան-մատուռն է: Վարսենիկը Անդրեաս բեկի և Տաթևի Օրբելյան Աբիհայաթի աղջիկն էր՝ խելացի ու տաղանդավոր. գիտեր լեզուներ, ձեռագործի վարպետ էր, երգում և դաշնամուր էր նվագում: Վարսենիկը շատ էր սիրում իր հայրենի գյուղը: Եվ քանի որ ունևոր էր, իր միջոցներից բաժին էր հանում աղքատներին: Վարսենիկը վաղ ամուսնացավ: Ամուսինը՝ Տիգրան Գևորգբեկյանը, իրենից բավական տարիքով էր, մասնագիտությամբ՝ բժիշկ: Նրա եղբայրն էր Զանգեզուրի գավառի դպրոցական տեսուչ Հովհաննես Գևորգբեկյանը: Ասում են, որ բժիշկը լավ մասնագետ էր, սակայն ուներ նահապետական հայացքներ, որի հետ չէր հաշտվում Վարսենիկը: Ամուսինները երեխա չունեցան, որը ևս նպաստեց, որ նրանք բաժանվեն: Նրանք բաժանվեցին Էջմիածնում՝ եկեղեցական կարգուկանոնով, որից հետո Վարսենիկը վերադարձավ Առաջաձոր: Նա իր անձնական միջոցներով գիշերային դպրոց է բացում գյուղում, որը նորություն էր այն ժամանակ ոչ միայն Կապանում, այլև ամբողջ Սյունիքում: Նա օգնում էր աղքատներին, ծերերին, կարիքավոր երեխաներին, հիվանդներին, ուսուցիչներին: Նա մտադիր էր վերադառնալ Պետերբուրգ, որտեղ սովորում էր մինչև ամուսնությունը: Նրան հովանավորում էր Նիկողայոս Ադոնցը: Բայց սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Վարսենիկը փոխում է իր մտադրությունը. որոշում է գնալ Երևան և աշխատել գաղթականների և որբերի համար բացված հիվանդանոցներից մեկում: Դա ոչ թե աշխատանք էր, այլ իսկական ծառայություն: Նա ծառայում էր որպես գթության քույր և որբերին խնամող մայր Երևանի քաղաքների միության հայ որբերի հիվանդանոցում:
Վարսենիկը այնքան համարձակ էր, որ զբաղվում էր տիֆով վարակված հիվանդների խնամքով: Սա նշանակում է, որ Վարսենիկը անձնազոհ քայլ էր կատարում:
Խոսելով քրոջ անձնազոհ արարքի մասին՝ եղբայրը՝ լեռնային ինժեներ, պետական և քաղաքական գործիչ Սմբատ Մելիք-Ստեփանյանը, ասում է, որ իր սիրելի քույրիկը գթության քրոջ պատասխանատու կարգավիճակում էր պատերազմի հենց սկզբից: Հիվանդներին խնամելու ժամանակ Վարսենիկը վարակվեց տիֆով: Եվ երբ զգաց, որ մահը մոտ է, իր խնայած գումարը՝ շուրջ 200 ռուբլի, հանձնեց վանեցի Հարոյին, որին ինքն էր բուժել տիֆից:
Վարսենիկի դին եղբայրը զմռսեց և տեղափոխեց հայրենի գյուղ և ամփոփեց Խաչին խութի մատուռում:
Դագաղի կափարիչի վերնամասը ապակուց էր, ուստի երևում էին աղջկա դեմքը, ոսկյա շղթան և ականջօղերը: Սերունդների հիշողություններում պահպանվել է պատմություն այն մասին, թե ինչպես էր ամեն առավոտ եղբայրը՝ Սմբատ Բեկը, այցելում քրոջը, խոսում նրա հետ՝ ասելով. «Բարի՛ լույս, Վարսենի՛կ, բարի՛ լույս, քույրի՛կ»: Նա ամեն օր թարմ ծաղիկներ էր տանում Վարսենիկի համար:
1937 թվին, երբ Սմբատ Մելիք-Ստեփանյանին կալանավորեցին ու աքսորեցին որպես ժողովրդի թշնամի, չեկիստները բացեցին դագաղը և կողոպտեցին զարդերը, կափարիչը զարդարող արծաթյա զարդաքանդակները և խաչը, արծաթե ծաղկեպսակները:
Փաստորեն Վարսենիկը անթաղ մնաց շուրջ մեկ դար: 2015 թվականի նոյեմբերին մահապարտ ազնվական, հայրենանվեր կինը քրիստոնեավայել ծիսակարգով ամփոփվեց տոհմական դամբարանում:
Խաչին խութի դամբարանը կապանցիների համար համարվում է ուխտատեղի: