Բաղաբուրջ
Բաղաբուրջի մասին բուն տեղեկությունները հանդիպում են 19-րդ դարի սկզբին, երբ արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը, և ապա կազմակերպվեց պարսկահայերի ներգաղթը դեպի Արևելյան Հայաստան: Սակայն բնակավայրի պատմությունը ավելի հին է. և՛ գյուղի տարեց բնակիչների, և՛ պատմական այլ սկզբնաղբյուրների վկայությամբ՝ այստեղ բնակավայր է եղել վաղնջական ժամանակներից: Պատմական սկզբնաղբյուրները Բաղաբուրջ գյուղի անունը կապում են Բեխորոտ անվան հետ, որն էլ, կարծում են, տեղանքում գոյություն ունեցած Արևի պաշտամունքի առկայության մասին է վկայում: Բեխ ինչ-որ հին լեզվում նշանակում էր «արև»: Ասում են, որ ամեն առավոտ՝ արևածագին, հայ գեղջուկը երկրպագում էր Խուստուփի գագաթից երևացող Արևի շողերին: Բնապաշտական ժամանակներում բնակավայրի խորհրդանիշերից էր նաև Եղջերուն, որը պաշտամունքային կենդանի էր, և որի պաշտամունքը կապվում էր Լուսնի հետ: Պատմում են, որ իբրև հիմա էլ ժամանակ առ ժամանակ գյուղի անտառներում լսվում է Եղջերուի բառաչը, և նրա ստվերն է երևում ծառերի սաղարթների արանքից: Գյուղի անվան հետ կապված մեկ ուրիշ տարբերակ էլ կա: Տարեցներն ասում են, որ գյուղը կոչվել է Պաղավերչ՝ «պաղ, զով» և «վերջ»: Փաստորեն՝ այն նույնացվում է «պաղ, զով» հասկացության հետ: Գյուղն իսկապես հիանալի ամառանոցային վայր է, և գյուղում, ինչպես վկայում են տեղացիները, վերջանում է պաղությունն ու զովությունը, և սկսվում է շոգը: Գյուղն ունի գեղատեսիլ վայրեր, որոնցից թերևս կարելի է նշել Նավչա կոչված ալպիական մարգագետինը: «Նավ և չայ»՝ այսպես են բացատրում տեղացիները: Ուշագրավ է նաև, որ այս տարածքում շատ բնակավայրեր ունեն «նավ» բառը պարունակող տեղանուններ, իսկ «չայ» բառը նշանակում է «գետ», որը հետագայում փոխարինվել է օտար անվանումով: Ժողովուրդը ստուգաբանում է, որ տարածքը նախապատմական ժամանակներում եղել է ջրածածկ: Սերնդեսերունդ փոխանցելով՝ պատմում են այն մասին, որ իբրև Նոյ Նահապետի տապանը, Հայկական լեռնաշխարհի ջրածածկ տարածքներում նավարկելով, մի պահ կանգ է առել հենց այդտեղ և ապա շարունակել ճանապարհը դեպի Արարատ լեռ: Գյուղից ոչ հեռու՝ Նավչա տանող ճանապարհին, կա մի վայր՝ Կերատեղ անվամբ, որը նույն Գիրատեղ բառից է: Այն նաև հին գյուղատեղի է: Ղևոնդ Ալիշանը գյուղը հիշատակում էր նաև Դիրքն ձևով: Ավանդություն է պահպանվել ու հասել մեր ժամանակներն այն մասին, որ մարդիկ թշնամիների հարձակումներից մեկի ժամանակ Կովսականի բոլոր ձեռագիր մատյանները փրկելու համար հավաքում են այդտեղ, սակայն թշնամին գրավում է գյուղը: Մի խումբ կտրիճների հաջողվում է իրենց հետ վերցնել մագաղաթները և հեռանալ Կովսականից և նոր գյուղ հիմնել Կուրի ձախ ափին՝ Գիրք անունով: Գյուղից արևելք՝ անտառի մեջ, պահպանվել են միջնադարյան եկեղեցու հետքեր, որին գյուղացիները Վանք են անվանում: Ասում են, որ միջին դարերում կար ուսյալ վանահայր՝ տեր Սահակը, որը վարդապետի կոչում ուներ: Գյուղն ունի նաև այլ հուշարձաններ՝ Կոզեն աղբյուր, որտեղ հայ ազատագրական պայքարի հերոսներից Գարեգին Նժդեհի մասունքներից է թաղված, և գյուղից հարավ արևմուտք ընկած Խաչ կոչվող քարը, որը մինչ այժմ ուխտատեղի է համարվում: Գյուղի կենտրոնում է 18-րդ դարի կառույց Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:
Խուստուփ լեռը
Խուստուփ լեռը իրավամբ համարվում է Հայաստանի գեղատեսիլ լեռնագագաթներից մեկը: Այն Կապան աշխարհի համար բնական պատվար է, կյանքի աղբյուր: Այսօր այն հայտնի և սիրված վայր է հարյուրավոր զբոսաշրջիկների և արշավականների համար: Հայ ժողովրդի մեջ մինչ այժմ պահպանվում է լեռների պաշտամունքը, և Խուստուփը վաղնջական ժամանակներից եղել է սրբազան, պաշտամունքային լեռ: Խուստուփ լեռան ծիսական լինելու մասին են վկայում հազարամյաների խորքից պահպանված աղոթքները և արարողությունները: Տարեց մարդիկ այսօր էլ օրհնում կամ անիծում են Խուստուփի անունով («Խուստուփը քեզ պահապան», «Խուստուփը քեզ տանի»): Խուստուփի լանջերին կային դիցարաններ: Խուստուփ անվան հիմքում ընկած է հնագույն հուտու` «աղոթք» բառը: Հետևաբար Խուստուփ նշանակում է «աղոթքի վայր»: Իսկական և նախնական անունը եղել է Խուստուք: Արևի առաջին շողերով ողողված լեռնագագաթը կապվել է ծագող Արևի աստվածության հետ, իսկ լեռներում, մանավանդ լեռնանցքներում փչող քամիները՝ այնտեղ ապրող ոգիների հետ: Գագաթից հայ գյուղացին, քուրմն ու իշխանը իրենց աղոթքն ու աղերսն էին ուղղում ամբողջ զորությամբ ելնող Արևին, ինչպես և՝ նորածին երեխային գրկած տատմերը, տան կտուրը բարձրանալով և երեխային ցույց տալով Խուստուփ գագաթից ելնող արևին, նրա համար արևշատություն էր հայցում: Դարեր ի վեր հայ մարդը պաշտպանություն և հովանավորություն էր որոնում Խուստուփի լանջերին գտնվող հրաշագործ վայրերում: Դրանցից է նաև Մատաղ աղբյուրը: Այն եղել է զոհաբերության հնագույն վայր, որտեղ զոհ էին մատուցում Խուստուփ լեռանն ու հայոց աստվածներին: Մարդիկ այսօր էլ սովորույթի ուժով այդ աղբյուրի մոտ մատաղ են անում, և արդեն այդ հնագույն ծեսը խառնվել է քրիստոնեական հավատքի հետ: Խուստուփի գագաթից քիչ ներքև՝ մի դժվարամատչելի ժայռի մեջ գտնվող քարայրում, կա մի եկեղեցի: Այն ուխտատեղի է համարվում: Այնտեղ հասնելն իսկ փորձություն է, և մարդիկ նույնիսկ իրենց հիվանդներին են շալակած հասցնում այնտեղ, քանի որ հավատում են եկեղեցու հրաշագործ, բուժիչ զորությանը:
Բաղաբուրջի հայտնի մարդկանց պատմություններից
Բաղաբուրջ գյուղի կենտրոնում պահպանվում է 19-րդ դարի վերջին կառուցված մի շինություն: Տունը պատկանում էր գյուղում հայտնի Անտոնյան գերդաստանին, որի ամենահայտնի ներկայացուցիչներից էր Սարգիս Անտոնյանը: Վերջինս Կապանի հանքերի սեփականատեր ֆրանսիացի կապիտալիստների գործընկերներից էր: Նրա որդին՝ Տիգրան Անտոնյանը, Կապանում հայտնի բժիշկներից էր: Նա Կապանի առաջին բժիշկն էր, որն ավարտել էր Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Այս պատմությունը Տիգրան Անտոնյանի մասին է, ով 1920-21թթ. եղել է Զանգեզուրի ազատամարտի հրամանատար Գարեգին Նժդեհի անձնական բժիշկը: Գյուղացիները պատմում են, որ երբ Զանգեզուրում փոխվում է քաղաքական իրավիճակը, և Գարեգին Նժդեհը որոշում է հեռանալ, նա իր հետ Իրան է տանում նաև իր մերձավոր զինակիցներին, այդ թվում նաև բժիշկ Անտոնյանին: Ասում են նաև, որ նրա հայրը՝ Սարգիսը, թեպետ համարվում էր այն ժամանակվա գործող իշխանություններին մոտ կանգնած մարդ, սակայն մտերիմ հարաբերությունների մեջ էր նաև Զանգեզուր մտած նոր իշխանությունների հետ: Երբ վերջինս համոզվում է, որ իր ընտանիքի բարօրությանը ոչինչ չի սպառնում, որոշում է որդուն հետ պահել Գարեգին Նժդեհի հետ Իրան տեղափոխվելու մտադրությունից: Այդ նպատակով հասնում է Մեղրու շրջանի Կալեր գյուղ, որտեղ իր շքախմբով կանգ էր առել Իրան մեկնող Գարեգին Նժդեհը: Այնտեղ նա փորձում է հանդիպել որդուն և իր հետ Բաղաբուրջ վերադարձնել, սակայն Գարեգին Նժդեհի հրամանով կրակ են բացում նրա վրա: Որդին հրամանատարից գաղտնի վիրակապում է հոր վերքը և գիշերով տեղափոխում Բաղաբուրջ գյուղ: Ցավոք բժշկի հետագա կյանքի մասին տեղեկություններ չեն պահպանվել:
Գյուղում պատմում են, որ Բաղաբուրջում իր ընտանիքով ապրում էր ֆրանսիացի մի ազնվական: Նա պղնձահանքերի տերերից էր: Հանքատիրոջ անունը չի պահպանվել, բայց պահպանվել է նրա կնոջ անունը՝ Կլեմբեր: Երբ Զանգեզուրում հաստատվեց խորհրդային իշխանությունը, Կապանից հեռացան նաև հանքատերերը, սակայն այդ ֆրանսիացի ազնվականը հեռացավ միայնակ, առանց կնոջ: Պատճառը կնոջ հիվանդ լինելն էր: Նա չէր կարող տեղափոխվել: Բացի այդ, հեռացող ֆրանսիացիները կարծում էին՝ իրենց գնալը ժամանակավոր է, և շուտով պետք է վերադառնան: Սակայն այդպես չեղավ. ֆրանսիացիները հեռացան ընդմիշտ: Ֆրանսուհուն ապաստան տվեցին և նրա մասին հոգ տարան գյուղի ընտանիքներից մեկում: Որպեսզի նրա մասին իշխանությունները չիմանան, ֆրանսուհուն հագցնում են հայկական տարազ, և նա այսպես ծպտված երկար տարիներ ապրում է հյուրընկալ ընտանիքում: Նրան վերաբերվում են հարազատի պես: Կլեմբերը մահանում է խոր ծերության հասակում՝ այդպես էլ չտեսնելով իր ամուսնուն և իր հայրենի Ֆրանսիան: Եվրոպացի արդյունաբերողները, մասնավորապես ֆրանսիացիները, թողել են իրենց ազդեցությունը կապանցիների կյանքում և կենցաղում: Դա պատճառներից թերևս ամենահիմնավորն է, որ կապանցիները ունեն եվրոպական կենցաղին և մշակույթին մոտ վարքուբարք: Եվրոպական առաջադեմ գաղափարները նրանց միջոցով հասան նաև կապանյան հեռավոր բնակավայրեր: