Սյունիքի մարզի Շիկահող գյուղը Կապանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է: Գյուղը Շիկահող անվամբ (շեկ հողեր) առաջին անգամ հիշատակված է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» մեծարժեք աշխատության մեջ` որպես Տաթևի հայրապետական աթոռին հարկատու գյուղ: Այն եզակի գյուղերից է, որ պահպանում է իր հնագույն անվանումը՝ Շիկահողք: Հայկական են նաև գյուղի շրջակայքի ու մերձակա բոլոր տեղանունները:
Հարուստ անտառների, բուսականության, մեղմ կլիմայի շնորհիվ մարդն այստեղ բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից, որի մասին վկայում են պեղումների և շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական արժեքները:
Գյուղի գրեթե ողջ տարածքում փռված են Ք.ա. 2-րդ հազարամյակի և հետագա ժամանակների դամբարանադաշտերը: Առավել հայտնի են Սպիտակ հողերի, Կարմիր հողերի, Սլորիձորի, Խրավանդի, Հին դպրոցի, Ագերի, Քղցահանդի, Կապի արտի, Քրկտորի դամբարանադաշտերը: Այս վայրերից հայտնաբերված են բրոնզե ասեղներ, բիզեր, ուռուցիկ կոճակներ, սակր /կացին/, նետասլաքներ, դաշույններ, թրեր, նիզակի ծայրակալներ, գոտիներ,բրոնզե և քարե ուլունքների շարաններ, զարդանախշ գոտիներ, ականջօղեր, բրոնզե արձանիկներ և այլն: Հայտնաբերվել է նաև հարուստ խեցեղեն` կավե սափորներ, կարասներ, կենդանակերպ անոթներ, արձանիկներ, ծիսական-պաշտանմունքային անոթներ, կուռքեր: Գտածոներից ուշագրավ է բրոնզե սակրը /Ք.ա. 10-8-րդ դարեր/, որը հայտնաբերվել է Քրկտորի պղնձի հնադարյան հանքավայրի խոռոչում: Սա վկայում է, որ Շիկահողում հնագույն ժամանակներում հենց տեղական հումքի վրա ձուլվել է բրոնզ: Հայտնաբերվել են նաև քարե կացնիկներ, որոնք թվագրվում են Ք.Ա. 7-րդ հազարամյակով: Նույն վայրը` Քրկտորը 19-րդ դարի 2-րդ կեսին շահագործվել է ֆրանսիացիների կողմից: Քրկտոր հանքավայրը և հանքախորշերը ընկած է գյուղից 1,5կմ հեռավորության վրա ` Շիկահող գետակի ափին, մատչելի է հետիոտնի համար: Իր գոյության ընթացքում Շիկահողը երբեք չի լքվել, որի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցվել և մեզ են հասել հեթանոս ժամանակների ավանդույթները, սովորույթները, աղոթքները, կենցաղի տարրերը: Ոչ մի բնակավայրում մարդու և բնության միջև այնպիսի կապ չկա, ինչպիսին Շիկահողում: Գյուղում անհիշելի ժամանակներից զարգացել է այգեգործությունը: Այսօր էլ այստեղ գոյություն ունի լեռների պաշտամունք: Պաշտվում են Խուստուփ լեռը և գյուղի հյուսիսում և հարավում բարձացող Բերդի քար և Ճանճապտուկ լեռնագագաթները: Միջնադարի ընթացքում Շիկահողով է անցել միջազգային առևտրական ուղիներից մեկը, որը Քուռ գետի ավազանը կապել է Արաքսի ափի Ջուղա հայտնի քաղաքի հետ: Դրա վերաբերյալ ևս կան վկայություններ, ինչպես օրինակ նույն առևտրական ճանապարհի վրա հայտնաբերված 15 և 16-րդ դարերի Եվրոպական և Արևելքի երկրների դրամները:
Շիկահողի պատմաճարտարապետական հուշարձանները
Գյուղի տարածքում դրանք լավ չեն պահպանվել: Մեզ հասել են հիմնականում ավերակ և կիսավեր վիճակում:
Ծերի եկեղեցի՝ 10-11-րդ դար, գտնվում է գյուղից 3 կմ արևելք, լրիվ ավերակ վիճակում: Հարմար է հետիոտնի համար: Հետաքրքրություն է ներկայացնում նաև մոտակա հին գերեզմանատունը:
Պեխնի խութի մատուռ՝ 11-12-րդ դարեր, ավերակ, գտնվում է 5 կմ արևելք, բարձունքի վրա, անտառի մեջ, դժվարանցանելի է: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արաքսի հովիտը:
Շաթարուզի եկեղեցի՝ 16-րդ դար. բազիլիկ կառույց է, կիսով չափ թաղված հողի մեջ, ավերվել է 1992 թվականի հրետակոծությունների ժամանակ: Կարիք ունի վերականգնման:
Քարավանատուն՝ գյուղից 2 կմ հյուսիս, լրիվ ավերակ, պահպանվում են միայն քարերը: Գտնվել է միջազգային առևտրական ուղու վրա, հարմար է հետիոտնի համար:
Պղնձի հին հանքախորշերը՝ գյուղից 1,5 կմ հյուսիս, գետի հունում: Երկու հանքախորշերը լցված են ջրով:
Բերդի քար՝ միջնադարյան բերդ նույն անունով լեռան վրա, հարմար է լեռնագնացների և տուրիստների համար: Բերդի քարը, լինելով միաժամանակ բնական ամրություն, հայտնի է եղել Դավիթ Բեկի և ավելի նոր ժամանակներում` հայ-թաթարական ընդհարումների ժամանակ: Նրա հետ կապված են պատմություններ ու լեգենդներ: Մարտիրոսյանների տունը գյուղում 1910թ.՝ երկհարկ առանձնատուն է՝ հզոր պատերով, փայտե սյուններով
Սբ. Ստեփանոս նախավկա եկեղեցի՝ գտնվում է Շիկահող գյուղի կենտրոնում, 16-րդ դարի բազիլիկ կառույց է, կառուցվել է 1215 թվականի եկեղեցու տեղում: Վերականգնվել է <<Երկիր և մշակույթ>> կազմակերպության կողմից:
Միաթռիչք կամուրջ Շիկահող գետի վրա՝ կառուցված 1888 թվականին
Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված շիկահողցիների հուշարձան կոթող՝ գյուղամիջում՝ կառուցված 1967 թվականին
Բրեստում զոհվածների հուշարձան-կոթող (Կռնասում):
Դամբարանադաշտ ''Սպիտակ հողեր'' (Սլորի ձոր) (Ք.ա. 2-րդ հազ.վերջ,1-ին հազ.սկիզբ), գտնվում է գյուղից 100մ հս:
Դամբարանադաշտ ''Կապեն արտ'' (Ք.ա. 2-րդ հազ.վերջ,1-ին հազ.սկիզբ), գտնվում է գյուղից 500մ հս:
Դամբարանադաշտ ''Կարմիր հողեր'' (Ք.ա. 2-րդ հազ.վերջ,1-ին հազ.սկիզբ):
Շիկահողի Բնության հուշարձանները
Ջրվեժ Շիկահող (Քյուզին) գետակի վերին հոսանքում, անանցանելի տարածքում:
Շիբլեգ՝ քարերի մեջ գոյացած բնական լողավազան: Այստեղ է գտնվում նաև այսպես կոչված «Սուրբ քարը», որի տակ պառկեցնում էին կապույտ հազով հիվանդներին և բուժում:
Բերդի քար, բնական ամրություններ
Բնության կողմից կերտված փղերի քարե երկու արձաններ՝ Կապան- Շիկահող ճանապարհահատվածում:
Վրցակի քար (Աքլորի քար) հին միջնադարյան գյուղատեղի, որ կարող է լինել Ղևոնդ Ալիշանի հիշատակած Հին Շիկահողը:
Շարու քար -գտնվում է Շիկահողից հս., գյուղից 2կմ հեռավորության վրա: Ունի ռազմավարական դիրք: Շարու քարը դիցաբանական ծագում ունի: Շարաքոյ անունով բնակավայր կա Ձորք գավառում: Ըստ արևելագետ Ս. Ումառյանի Շարան Ումմ քաղաքի աստվածն էր: Անշուշտ, Շարու քարը ևս Շարա հեթանոսական աստծու անունից է, ամենայն հավանականությամբ այստեղ Շարայի պաշտանմունքի վայր է եղել: Շարու քարը բացառիկ դեր է խաղացել 1905-1906, և 1918-1920 թթ. հայ-թուրքական բախումների և 1991-1993 թթ. ղարաբաղյան պատերազմի ժամանակներում: Այստեղ եղել են ամրություններ, եղել են դիրքեր, այստեղ ամրացել են գյուղը պաշտպանող առաջավոր ուժերը: Տարածքում առկա են հնադարյան դամբարանադաշտեր:
Շիկահող գետակը գյուղը բաժանվում է երկու մասի: Արևկող մասը կոչվում է Պառակ, մյուսը՝ Շեն: Շեն նշանակում է բնակվելու, ապրելու վայր: Գյուղի այս մասը Շեն է կոչվում հավանաբար գյուղն այստեղ հիմնադրելու պատճառով: Շենում է կառուցված գյուղի եկեղեցին: Պառակում սփռված են բրոնզեդարյան դամբարանադաշտեր:
Ագըրը՝ հազարամյակներ շարունակ Շիկահող գյուղը չի լքվել , որի վառ վկայություններից մեկը հայեցի հնչող տեղանուններն են: Բազմաթիվ տեղանուններ ունեն դիցական ծագում : Ուշագրավ է Ագըր տեղանունը, որը անկասկած հնդեվրոպական մայր լեզվի Ագրո –հող բառն է: Հողային աշխատանքների ժամանակ Ագըրում բացվել են քարերի շարվածքի մեջ թաղված ածխի կուտակումներ: Ագըրում հայտնաբերվել է նաև չափերով փոքրիկ ավանակի բրոնզե արձանիկը, որը վկայություն է Շիկահողի տարածքի հնագույն բնակիչների հնագույն զբաղմունքի ու աշխատանքի մասին: Ագըրի բնության հուշարձաններից է աղբյուրը՝ Ակնը, ինչպես կոչում էին շիկահողցիները: 15-16-րդ դարում ջուրը բերվել է գյուղ, որի վկայությունն է հայտնաբերված կավե խողովակները, որոնք Ակնից ձգվում է մինչև գետափ:
Պաշտամունք և սովորույթներ
Մինչև անցյալ դարի 70-ականների վերջը Շիկահողում պահպանվում էին բազմաթիվ սովորույթներ ու ծիսակատարություններ, որոնք մեզ տանում են դարերի խորքը: Ի տարբերություն մյուս բնակավայրերի, այստեղ դրանք ավելի լավ են պահպանվել, չեն մոռացվել, քանի որ բնակչությունը չի տեղաշարժվել, չի լքել գյուղը: Դրա մասին վկայում են թե պատմական փաստերը, թե ժողովրդի հիշողությունը:
ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ -Վարդավառի տոնին գյուղի բնակչությունը բարձրացել է գետափով դեպի հյուսիս-արևմուտք, որի համար գետի ձախափնյակը կոչվել է Խուստուփաձոր: Ժողովուրդը Խուստուփաձորով բարձացել է սար, այնտեղից Խուստուփ: Վարդավառի տոնը նշվել է նաև Քամու խաչի տարածքում, ահա թե ինչու այստեղի խաչը կոչվել է նաև Վարդավառի խաչ: Մարդիկ Վարդավառի խաչ էին գնում օգոստոսի վերջերին, երբ հավաքած ու ամբարած էր լինում հացը: Արեգակի պաշտամունք -Իրհնակ ու ավելի հաճախ իրիթնակ ու իրիգնակ է կոչվել արեգակը: Այսօր իհարկե հատուկենտ մարդիկ են մնացել, ովքեր կերդվեն արևով: Սակայն հիշողության մեջ են մնացել իրիթնակին ձոնված խոսքեր ու երդումներ: Արեգակով երդվելը անշուշտ հեթանոսական ժամանկներից մեզ հասած արևի-կրակի պաշտամունքի մնացորդներն են: Հաճախ եկեղեցին ու արևը ընկալվել են հավասարապես. «Տունիս են իրիթնակը, տունիս են գեղեցին» (դու լինես արեգակը, դու լինես եկեղեցին): Երդվելուց նայում էին արեգակին: Հաճախ մոռացվել է եկեղեցին և պահանջել են երդվել արեգակով. «դե ուրթում կեր իրիթնակով» (դե երդվիր արեգակով): Մեզ հասել են նաև հետևյալ ձոները, մաղթանքները, որ խորապես կապված է արեգակի պաշտանմունքի հետ:
Ճոռի - ճոռի սովորույթը գալիս է հեթանոսական ժամանակներից.
Ճոռի, ճոռի, ճոռ քցիմ Խավեծըմ հարա յեղ չկա Տօնը մըն պուլ յեղ տվեցիք Ա թոռ, ա թոռ ետ կա(անձրև,անձրև՝ դադարիր):
Կյուլի չանգ քցելը -(Գայլի ճանկ գցելը). Շիկահողում ևս տարածված էր, ու մարդիկ հավատում էին կյուլի չանգի զորությանը: Չանգը գցվում էր գողությունը հայտնաբերելու ու գողին կուչ ածելու համար: Արարողությունից հետո գողը պտի կուչ գար: Դա կատարվում էր այսպես. վերցվում է գայլի թաթը ամբողջությամբ, բացվում է, ապա կրակ է արվում և թաթը նետվում է կրակի մեջ: Կյուլի չանգը չպիտի «գցել» գյուղի տարածքում: Եթե գյուղում դա արվի, ապա 7 տարի անընդ մեջ անձրև կամ երաշտ կլինի, ու հաց չի լինի:
Պատմում են, թե, իբր, Բաբասուց Հառին կուչ է եկել կյուլի չանգ գցելուց: Լեզինկա Համբարձումյանի ասելով, կորած իրի համար չանգ է գցվել, ու կարպետը, որի արանքում մնացել էր իրը, կուչ եկավ ( Սերյոժա Կիրակոսյանի հուշերից):
Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան