» Գյուղ Սրաշեն

Գյուղ Սրաշեն

Սրաշենը Հայաստանի հանրապետության գեղատեսիլ գյուղերից է, գտնվում է Կապանից 14 կմ հվ-արլ, անտառի եզրին: Գյուղը վաղուց հայտնի է իր պտղատու այգիներով: Ցարական կամերալ նկարագրություններում այս գյուղը հայտնի է նաև Քիլիսաքենդ անունով: Քիլիսա թուրքերենից թարգմանաբար նշանակում է եկեղեցի, իսկ քենդը՝ գյուղ, այսինքն՝ Եկեղեցու գյուղ: Անշուշտ խոսքը վերաբերում է գյուղի ծայրին կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցուն (17-րդ դար):



Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակում Սրաշեն անունը գոյություն չունի: Հավանաբար սա նախկին Պողոսի վանք գյուղն է եղել:
Ըստ ցարական կամերալ(ծխական) նկարագրությունների Սրաշեն գյուղը 1832 թվականին ուներ 16 ծուխ՝ 97 բնակիչ: 1897-ին Սրաշենն ունեցել է 235, 1926-ին՝ 470, 1939-ին՝ 414, 1959-ին՝ 245, 1970-ին՝ 171, 1979-ին՝ 114:

Գյուղում հարգի է եղել շերամապահությունը,
որով զբաղվում էին նախախորհրդային շրջանում: Ավանդության համաձայն սրաշենցիները Խուդափիրինի կամրջով անցել են Պարսկաստան և այնտեղից գյուղ բերել թթենու տնկիներ և շերամ: 
Լավագույն շերամապահը այս կողմերում համարվել է Սրաշեն գյուղացի Մկրտիչը:

1980-ական թթ. սկզբին Սոսիների պուրակի տարածքում կառուցված պոմպակայանից ջուրը մղվեց Սրաշենի ընդարձակ վարելահողերը, որը օգնեց վարելահողերի և այգիների ոռոգմանը, տարիներ շարունակ ստացում էր առատ բերք:
1965 թվականին Սրաշենի կոլտնտեսությունը միավորվել է Շիկահողի պետական տնտեսության հետ: Հիմնական զբաղմունքն էր անասնապահությունը, ծխախոտագործությունը, պղտղաբուծությունը, հացահատիկի արտադրությունը:
1991 թվականին, հողի սեփականաշնորհումից հետո գյուղն անցավ մասնավոր տնտեսավարման: 1989-ին և Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում գյուղն ուներ 108 բնակիչ, որը չխանգարեց Սրաշենին լինել սահմանամերձ ամենահերոսական գյուղերից մեկը: Բազմաթիվ սրաշենցիներ , ինչպես նաև դրսից օգնության հասած կամավորներ իրենց կյանքը տվեցին գյուղի պաշտպանության համար:

Գյուղից ներքև Փշոնց կոչվող տարածքում հայտնաբերվել են դամբարանադաշտեր: Հս-արևմուտքում, Ճանճապտուկ լեռան
արևելյան լանջին գտնվում է Սղնախատեղ ավերակ գյուղատեղին: Մոտակայքում կան նաև միջնադարյան ամրոցի ավերակներ:
Գյուղից արևելք, Շիկահող գետի ափին կան պղնձահանքի պաշարներ, որոնք, անկասկած, արդյունահանվել են վաղ
անցյալում։ Սրաշենցիների մի մասը տեղաբնիկ է: Մյուս մասը տարեցների վկայությամբ այստեղ է տեղափոխվել Ղարադաղից, Ողջի գետի աջ ափի Ասկուլում գյուղից, իսկ հետագայում նաև Ըռոտմանց (Ղուրղուլու) գյուղից: Սրաշենցիները բնավորությամբ
կամեցող են, հանդուրժող, համեստ, աշխատասեր: Նրանք հումորի բարձր զգացում ունեն: Ցավոք գյուղը զգալիորեն տուժել
է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ:



Սրաշենի  պատմական  հուշարձանները

  1. Միջնադարյան գյուղատեղի Սղնաշեն (Սխնախատեղ), գտնվում է գյուղից 2 կմ հս-արմ: Պահպանվել են ավերակները
  2. Սրաշենի հին  գերեզմանոց
  3. Միջնադարյան ամրոցի ավերակներ
  4. Ջրաղաց (Բաբուն ճեղաց՝ Շիկահող գետի վրա)
  5. Սբ. Հռիփսիմե եկեղեցի՝ 17-րդ դար, գտնվում է գյուղի եզրին, եռանավ բազիլիկ
  6. Երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների հուշարձան` 1967 թ., գտնվում է գյուղամեջում,եկեղեցու մոտ
  7. Խաչքար՝ նվիրված Ղարաբաղյան պատերազմում զոհվածներին
  8. Բլինդաժ՝ 1992 թվականի ամառային ռազմական գործողությունների ժամանակների (վերականգնված)

Սրաշենի  բնության հուշարձանները

  1. Գետ  Ավերաձոր
  2. Ղաժաղբյուր
  3. Հոտած աղբյուր
  4. Աղիաղբյուր (Շոռաղբյուր)
  5. Հանքային ջուր Շիկահող գետի աջ ափին, Սրաշեն գյուղի սահմանում
  6. Հաճարկուտ

Սրաշենի դպրոց պատմությունը

Սրաշեն գյուղի ծխական դպրոցի մասին հիշատակություն կա 1908 թվականի Կովկասի հայ ՝բարեգործական ընկերության նպաստառու դպրոցների ցուցակում: Խորհրդային ժամանակներում գործել է տարրական դպրոց: Սրաշենցի երեխաները միջնակարգ կրթություն ստանում էին Շիկահողի և Կապան քաղաքի միջնակարգ դպրոցներում: Այս գյուղի՝  ինչպես, դպրոցի, այնպես էլ պատմության վերաբերյալ սակավ են վավերագրերը: ՀՀ ազգային արխիվում պահպանվում է սրաշենցիների մի խնդրագիրը Գևորգ 5-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ գյուղում եկեղեցական – ծխական դպրոց բացելու մասին: Ստորև ներկայացնող փաստաթուղթը  վկայում է, որ ամենասոսկալի տարիներին փոքրիկ այս գյուղը մտածում էր դպրոց ունենալու մասին: 
«Ղափանի Սրաշէն գիւղի հասարակութեան խնդրագիրը Գէորգ Ե կաթողիկոսին իրենց գյուղում եկեղեցական ծխական դպրոց բաց անելու մասին 
3 դեկտեմբերի 1917թ.
ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹԻԻՆ Տ. Տ. ԳԵՈՐԳ Ե. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ 
ԱՄԵՆԱԽՈՆԱՐՀ ԽՆԴԻՐ ՂԱՓԱՆԻ ՍՐԱՇԷՆ  ԳԻԻՂԻ  ԾԽԱԿԱՆՆԵՐԻՑ
Վեհափառ Տէր.
Ղափանի շրջանի Սրաշէն գիւղի Սբ. Հռիփսիմէ եկեղեցու բոլոր յիսուներկու (52) իրավասու ծխականներս անսալով թեմական տեսուչ պ. Յովհ. Գեորգբէկեանի յորդորներին եւ գիտակցելով ուսման ու դաստիարակութեան վեհ, բարձր նշանակութիւնը, սոյն թւի նոյեմբերի 1-ից հիմնել ենք եկեղեցական – ծխական դպրոց, ուստի ամենախոնարհ որդիական ակնածութեամբ թախանձում ենք Սրբատառ կոնդակով հաստատեք նրա բացումը եւ առաքեք Ձեր հայրական շնորհաբաշխ օրհնութիւնը:
Յուսապատար զգացումներով առլեցուն հաւատացած ենք, որ Ձերդ Ս. Օծութիւնը բարեհաճ ուշադրութեամբ կվերաբերւի մեր ամենախոնարհ խնդրին ու չի մերժիլ:
Ղազար Բաղդասարեանց
Բաբաջան Գալուստեան
Արզուման Աւանեսեան»:

Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան
Сначала зайдите на смотреть фильмы, а потом обязательно зайдите посмотрите фильмы онлайн это стоит того
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը