» » Շրվենանց գյուղի Հայոց եկեղեցական երկդասեան-երկսեռ «Գ.Յ. Տէր-Մարգարիան» դպրոցը

Շրվենանց գյուղի Հայոց եկեղեցական երկդասեան-երկսեռ «Գ.Յ. Տէր-Մարգարիան» դպրոցը


Հայ գյուղաշխարհի դպրոցների շարքում ուրույն տեղ ուներ Կապանի Շրվենանց գյուղի դպրոցը, որը պաշտոնապես կրում էր Շրվենանց գյուղի Հայոց եկեղեցական երկդասեան-երկսեռ «Գ.Յ. Տէր-Մարգարիան» դպրոց անունը, որտեղ սովորում էին հայ և թուրք երեխաներ: 

Հեռավոր և խուլ այս գյուղում հատուկ նախագծով դպրոցի շենք է կառուցվել, որին զիջում էին քաղաքային բազմաթիվ դպրոցներ. դրա մասին շատ վկայություններ կան: 

Դպրոցի ուսուցչական կազմում ընդգրկված էին նույնիսկ եվրոպական կրթությամբ երիտասարդներ և օրիորդներ:

Դպրոցի հիմնադիրն էր Գասպար Տեր-Մարգարյանցը:

Հայրենի գյուղում դպրոց կառուցելու մտադրությունը Տեր-Մարգարյանցի մտքում ծագել էր դեռևս 1898 թվականին: 

Շրվենանցում դպրոց ունենալու գաղափարը, սակայն, համընդհանուր հավանության չարժանացավ. «Մենք եկեղեցի չունենք, իսկ դասերը միշտ էլ կարելի է մեկի տանը անցկացնել: Գասպարը քահանայի զավակ է, պիտի եկեղեցի կառուցի»,- ասում էին համագյուղացիներից շատերը:

 Գասպար Տեր-Մարգարյանցը, սակայն, գիտեր կրթության դերը հայ ժողովրդի կյանքում:

1901թ. օգոստոսի 23-ին Կովկասյան Ռուսական ուսումնարանների օկրուգից հայտնում են, որ Ռուսական կայսրության լուսավորության նախարարը գոհունակությամբ է ընդունել Շրվենանցում դպրոց ունենալու առաջարկը և թույլատրել է կառուցելու դպրոց: 

Այսպես՝ ձեռնարկվում է շենքի կառուցումը: 

Նախագիծը կազմել է Սմբատ Մելիք- Ստեփանյանը ճարտարապետ եղբոր՝ Ղահրամանի հետ միասին: Շենքը պետք է լիներ եռահարկ՝ հինգ դասասենյակներով, ունենար թատերական դահլիճ, ուսուցիչների համար չորս սենյակ, երկու խոհանոց, գրադարան, այլևայլ հարմարություններ:

Տեր-Մարգարյանցը հետևում էր շինարարությանը:

Դպրոցի առաջին զանգը հնչեց 1902թ. սեպտեմբերի վերջին: Աճանանում (Շրվենանց, Առաջաձոր, Նորաշենիկ, Խլաթաղ, Վերին և Ներքին Խոտանան, Տորթնի) տոնախմբություն էր: Առաջին ուսումնական տարում դպրոցում սովորում էր 136 մանուկ, որից աղջիկ էր ընդամենը 4-ը:

1903թ. հունիսի 12-ի օրենքից հետո, երբ փակվեցին հայկական դպրոցները, Շրվենանցի դպրոցը գործում էր, քանի որ ձեռք էր բերել պետական դպրոցի կարգավիճակ: 

Դպրոցն ու գյուղը բարերարի ուշադրության կենտրոնում էին:

 1904թ. հունիսին բարերարը Շրվենանց ուղարկեց հայտնի գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանին, ով որոշ ժամանակ մնաց այստեղ, նկարեց գյուղը, դպրոցը և Խուստուփ լեռը: 

Գեղանկարները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:

 1906թ. հայ-թաթարական բախումների շրջանում դպրոցը չի գործել (առհասարակ չեն գործել Ղափանի դպրոցները):

1907թ. վերաբացված դպրոցում ուսուցանում էին նաև հողագործություն և մեղվաբուծություն:

Երեխաներից վարձավճար չեն վերցրել, բոլոր ծախսերը հոգացել է բարերարը: 

1902-1917թթ. Շրվենանցի դպրոցում կրթություն է ստացել 400 երեխա:

 Հայկական դպրոցում սովորել են նաև թուրքեր:

1910-1911 ուսումնական տարում ուսուցիչ են աշխատել Արշակ Սինանյանը (Բայազետից), նրա կինը՝ Սիրանույշ Սինանյանը և Միքայել Մանվելյանը:

Սինանյան ամուսինները զգալի դեր են ունեցել Շրվենանցի դպրոցում կրթությունն ու դաստիարակությունը ամուր հիմքերի վրա դնելու գործում:

Արշակ Սինանյանը դպրոցում կազմակերպում է գրադարան՝ 1000 կտոր գեղարվեստական գրականությամբ: 

Իրազեկ մարդիկ պնդում են , որ գրադարանն ունեցել է մանկավարժական և մանկական արժեքավոր գրքեր, որոնց թիվը հետագայում դարձել է մոտ 3000:

 Գրադարանից օգտվում էին նաև Առաջաձորի, Խոտանանի և այլ գյուղերի երեխաներն ու մեծահասակները:

Սինանյանները ստեղծում են արտադասարանական խմբեր. գործում են երգի ու պարի խմբակներ, հատուկ օրեր են հատկացվում ընթերցանությանը: 

Դպրոցի երաժշտական խումբը բաղկացած էր 35 սաներից:

1912-1913 ուստարում դպրոցում աշխատանքի են ընդունվում Լայպցիգի համալսարանի բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Բոշնաղյանը և ուրիշ մասնագետներ: Նշվում էին տոնական օրերը, կազմակերպվում էին ճանաչողական արշավներ դեպի հայրենի պատմական վայրեր: 

Նույն ուսումնական տարում աշխատանքի է ընդունվում Պետերբուրգի համալսարանի ուսանող Ալեքսանդր ուսուցիչը, ում ազգանունը հայտնի չէ:

Առաջին ուսուցիչն էր, որ փոքրիկներին սովորեցնում է նոտաները: 

1914թ. հեռավոր գյուղերից եկող երեխաների համար կազմակերպվեցին գիշերօթիկ խմբեր: 

Կարիքավոր երեխաներին տրվում էր հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և օրապահիկ:

1914-1915 ուստարում դպրոց եկան նոր մարդիկ՝ Գեդեոն Տեր-Մինասյանը, Արմենակ Ղազարյանը, Հայրապետ Ղազարյանը, Անահիտ Զիլֆիյանը և Աննա Մելիք-Փարսադանյանը: 

Բոլորն էլ կրթության նվիրյալներ էին:

Հատկապես մեծ էր Գեդեոն Տեր-Մինասյանի դերը: Նա ավարտել էր Գևորգյան ճեմարանը: 

Շրվենանցի դպրոցում զբաղվում էին նաև երեխաների գեղագիտական դաստիարակության խնդիրներով:

Ղափանում առաջին տոնածառը դրվել է Շրվենանցի դպրոցում 1910 թվականին: Գասպար Տեր-Մարգարյանցն էր հոգացել ծախսերը: Տոնածառը երևույթ էր ղափանյան կյանքում, և շատերն էին շտապում այն տեսնել:

Ծանր էին Առաջին աշխարհամարտի տարիները: 

Ոչ միայն Աճանանը, այլ ամբողջ Ղափանն էր զրկված բանող ուժից ու կենսական միջոցներից:

Երկրամասի քայքայումը խորանում էր. սով էր, անբերրիություն. դպրոցական գործը մղվում է երկրորդական պլան: 

Այս ամենով հանդերձ՝ Շրվենանցի դպրոցը գործում էր իր բարերարի շնորհիվ: 

Նույնիսկ գավառական տեսուչներն էին դպրոց այցելում, այստեղ կազմակերպում դասալսումներ ու փորձնական դասեր: 

1916թ. մայիսի 5-ին դպրոց է այցելել օկրուգային տեսուչ Ատմանինը, որը ուսումնասիրել է ռուսաց լեզու առարկայի վիճակը, մասնակցել նկարչության ու երգի դասերին, կատարել դիտողություններ: 

Նա շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին բարեխիղճ աշխատանքի համար: Դպրոցն ուներ ռուսական հարուստ գրականություն, և որոշ առարկաներ ուսուցանվում էին հենց ռուսերեն: 1916-1917 ուստարում դպրոցում սովորում էր 143 երեխա: 

Բացակայություններ եղել են, բայց հիմնականում հանդերձանքի ու կարիքի պատճառով: Դպրոցը ստանում էր «Մշակ», «Աղբյուր», «Տարազ», «Արև», «Հորիզոն», «Փայլակ», «Ռուսսկոե սլովո», «Բակու» պարբերականները: 

Ի դեպ, Տեր-Մարգարյանցը գրքեր էր ուղարկել նաև հանքերում բացված գրադարանին և ուներ իր հատուկ պահարանը՝ ավելի քան 800 գրքով:

1917թ. դեկտեմբերի 12-ին նշվել է դպրոցի 15 տարին: 

Այս առիթով Տեր-Մարգարյանցին հղվել են նամակներ ու բարեմաղթանքներ: Դպրոցը գործել է մինչև 1918թ. ապրիլը: 

Ղափանում սով էր, համաճարակ, պատերազմական իրավիճակ: 

Դպրոցը վերաբացվեց խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921թ. հոկտեմբերին: 

Խորհրդային տարիներին Շրվենանցի դպրոցը շարունակում էր մնալ Սյունիքի լավագույն գյուղական դպրոցը:

Դպրոցը իր գոյության ողջ ընթացքում ունեցել է հազարից ավելի շրջանավարտներ, որոնցից 40-ը գերազանցիկ ու մեդալակիրներ են եղել: 

Այս դպրոցն են ավարտել նշանավոր դեմքեր՝ գիտության թեկնածուներ, վաստակավոր ուսուցիչներ, զորահրամանատարներ և այլն:

Դպրոցը վերջնականապես փակվեց 2010 թվականին՝ ՀՀ կառավարության որոշումով:

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը