» » Ճակատենի մասին

Ճակատենի մասին

 

Ճակատենը Բաղաց լեռների արևելյան լեռնաբազկի բարձունքի ճակատկողմին է: Այն Սյունիքի հինավուրց բնակավայրերից է: Գտնում է Կապանից ընդամենը 10կմ հեռավորության վրա, ունի ծովի մակարդակից 1100մ բարձրություն: Հայտնի է դեռևս վաղ միջնադարից: Տաթևի վանքի «Քյոթուկ» հարկացուցակի մեջ Գիլաբերդ գավառում հիշված են 12 գյուղ` Գոն, Ճկտեն, Մարուր, Մառագետ, Խազազաձոր, Չխուրուրդ, Գյուլմեշա, Իրիկիս, Նոր գեղ, Նոխութլու, Ալթունանց, Ըռստամանց; Ճկտենի հարկը կազմել է 1200 բեռ: 1604 թվականի Շահ Աբասի բռնագաղթից հետո հայաթափվել է: Ըստ պատմական աղբյուրների գյուղը հետագայում հիմնադրվել է Իրիգիս կոչվող հանդամասում:
Ավանդություն առաջին.
Ըստ ավանդույթի այն հիմնադրվել է 17-րդ դարի վերջին՝ Իրանից տեղահանված Մելիք Աղագուլյանների և Կարախանյանների տոհմից: Համարվում է, որ 4 եղբայրներ, իրենց ընտանիքներով գալիս են հարավից ու հիմնում այս գյուղը: Եվ երբ տեղացիները հարցնում են, որտեղից եք եկել, նրանց պատասխանը լինում է ճակատը տեն, այսինքն այն կողմից՝ հարավից, որից էլ գյուղը ստանում է Ճակատեն անվանումը: Տարիներ հետո գյուղը անհայտ պատճառներով տեղափոխվել և հիմնադրվել է ներկայիս տեղը /19-րդ դարի սկզբին/: Տեղաբնիկները ավանդում են, որ գյուղի տեղափոխվելու պատճառը եղել են հիմնականում թուրքերը, ինչպես նաև վայրի կենդանիները՝ արջերը (ավանդություն երկրորդ):
1830-ական թվականների ներգաղթից հետո գյուղն աստիճանաբար ընդլայնվել է: Հիմանական վերաբնակիչները Դարադաղից են: Կա ավանդույթ, որ վերաբնակներ են եղել նաև Հունաստանից: Ըստ մարդահամարների, 1831թ. ունեցել ենք 78 բնակիչ, 1873թ.`183, 1886թ.` 351, 1908թ.` 509, 1914թ.` 290, 1919թ.` 760, 1922թ.` 648, 1926թ.` 641, 1931թ.` 745, 1939թ.`596, 1959թ.` 249, 1970թ.` 231, 1979թ.` 188:
Խորհրդային տարիներին տնտեսության առաջատար ճյուղերն էին՝ անասնապահությունը, հացահատիկի, ծխախոտի արտադրությունը, շերամապահությունը:
Գյուղում կան 10-րդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցին (Սյունիքում շատ են սբ. Հռիփսիմեի անունը կրող եկեղեցիները, քանի որ 17-րդ դարում մի խումբ կաթոլիկ ուխտավորներ այցելում եմ Մայր աթոռ սուրբ Էջմիածին ու գողանում մեր վանքերից որոշ սրբերի մասունքներ, որոնց թվում նաև սուրբ կույսերի՝ Հռիփսիմեի ու Գայանեի մասունքները: Գողանալով մասունքները՝ նրանք փախչում են դեպի Իրան, ու այդ փախուստի ճանապարհը անցնում էր Սյունիքով: Սյունիքում հայ առաքելականներին հաջողվում է բռնել մասունքները գողացած կաթոլիկներին ու խլել նրանցից սրբերի ոսկորները: Դեպի սուրբ Էջմիածին վերադարձի ճանապարհին հայ առաքելական քրիստոնյաները բազմաթիվ գյուղերում թողնում են սուրբ Հռիփսիմեի մասունքները, ու տեղում գտնվող կամ կառուցված եկեղեցիները ստանում են Սուրբ Հռիփսիմե անվանումը, ուստի ամենայն հավանականությամբ գյուղի սբ. Հռիփսիմե եկեղեցում գտնվում են Հայ առաքելական եկեղեցու սրբուհիների մասունքները), 17-րդ դարում վերակառուցված կամուրջը, շրջակայքում կան մի քանի գյուղատեղեր` Շինատեղ, Գեղեցուխութը, Իրիգիսը, Գրմեշան, Շնդռենը, 1911թ.ին Հովհաննես Ղարախանյանի բարերարությամբ կառուցվել է գյուղի դպրոցը:
Ավանդություն երրորդ
Եկեղեցու մոտ կան սուրբ կաղնիներ, որոնց հատելու, կտրելու դեպքում կարող են դժբախտություններ լինել: Ասում են, որ ծառերը հատելու փորձ եղել է, և ծառը կտրողը օրվա վերջում իմացել է, որ վախճանվել է իր զավակը, ուստի, այդ ծառերը, լինելով եկեղեցու մոտ, դիտարվում են որպես սրբազան, ու ամենայն հավանականությամբ, հանդիսանում են խուլ արձագանքը հայերի բնապաշտական հավատալիքների: Այդ ծառերի մոտ նույնպես մոմեր են վառում:
1736թ. Ճակատենով է անցել Աբրահամ Կրետացի կաթողիկոսի շքախումբը ,որ վերադառնում էր Մուղանի դաշտավայրից` Նադիր Շահի օծման արարողությունից: Ալիշանի վկայությամբ 1697թ. Վենետիկում հայտնի էր Անում Չքետեցին /ճակատենցի/, որ հայտնի առևտրական էր հարևան Գոն գյուղացի Մահտեսի Աբելի հետ: Ճակատենը նաև Դավիթ Բեկի շրջանում եղել է ռազմական գործողությունների վայր: Ճակատենցիները լավ առևտրականների համբավ ունեն: Տեղի ու շրջակա գյուղատեղիների եկեղեցիներն ու մատուռները հանդիսանում են տեղաբնիկների ուխտագնացությունների, մատաղների, եկեղեցական տոներին այցելությունների սիրելի վայրերը: Սրբավայր ու մոմավառության կենտրոն է հանդիսանում նաև Իրիգիս գյուղատեղում գտնվող վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտը: Հարևան գյուղերի բնակիչները ճակատենցիներին համարում են խնայող, փողի արժեքը իմացող մարդիկ: Գյուղը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, ալպիական ծաղիկներով, բազմատեսակ կենդանիներով, մեղմ կլիմայով:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը