Բաղաբերդ ամրոց
Բաղաբերդ ամրոցը Մեծ Հայքի Սյունիք նահանգի անառիկ ամրոցներից էր, որը 4-րդ դարից սկսած եղել է ռազմական կարևոր հենակետ: Այն գտնվում է Կապան-Քաջարան մայրուղուն հաղորդակից Անդոկավան, Դավիթ Բեկ և Ներքին Գիրաթաղ[1] բնակավայրերի հարևանությամբ: Բերդի համար ընտրվել է Ողջի գետի ձորերով շրջապատված մի բարձրավանդակ, որն իր գերիշխող դիրքով հնարավորություն է ունեցել հսկելու պատմական Կապան քաղաքն ու անհրաժեշտության դեպքում ծառայել որպես ռազմակայան: Բաղաբերդի հյուսիսով անցնում է երկու ճանապարհ. դրանցից մեկը գալիս է Բարկուշատի ու Աճենի կողմից ու ձգվում դեպի Արևիք ու Գողթն, մյուսը սկիզբ է առնում հենց Բաղաբերդից ու ձգվում է դեպի Տաթև: Նախքան պատմական Կապանի պաշտպանական կենտրոն դառնալը Բաղաբերդը եղել է պատմական Սյունիքի անմատչելի բերդը և ծառայել որպես ռազմական հենակետ և հուսալի ապաստան քաղաքական տարբեր ընդհարումներից պատսպարվելու համար: Եթե մինչև Սյունիքի թագավորությունը բերդը եղել է որպես անառիկ ապաստան, ապա թագավորության շրջանում բերդը դառնում է գահանիստ կենտրոն: Պատմական Կապան մայրաքաղաքի կործանումից հետո այստեղ են կենտրոնացվել և պահպանվել Տաթևի վանքի և թագավորության գանձերն ու մեծաթիվ ձեռագիր մատյաններ: Կապան մայրաքաղաքի գրավումից 67 տարի հետո միայն թշնամուն հաջողվում է խաբեությամբ գրավել Բաղաբերդը: Բերդին կարելի էր մոտենալ միայն հարավ-արևմուտքից, որտեղ էլ տեղադրված էր միակ մուտքը: Մուտքի հյուսիսային հատվածում տեղադրված էր ամենամեծ բուրգը և օգտագործվել է որպես մուտքը պաշտպանող հսկիչ աշտարակ: Մուտքը կառուցելիս օգտագործվել է հայկական ամրոցաշինության մեջ լայն տարածում գտած մուտքային փակուղիները: Ամրոցի մուտքային մասի պարսպապատը կառուցված է այնպես, որ թշնամին մուտք գործելիս հայտնվում է դիմացի ուղղաձիգ ժայռազանվածի առջև, որն էլ նեղացնում է դեպի միջնաբերդ տանող անցուղին և որտեղով կարելի է անցնել մեկ-երկու շարքով: Այս նեղ միջանցքը ևս պաշտպանված էր աշտարակով: Պարսպապատերի ամբողջ գոտին կառուցվել է շինարարական 3 փուլերով: Ամրոցի պատերն ու բուրգերը եռաշերտ են` կառուցված բազալտից, կիսամշակ, անկանոն քարերից, կրաշաղախի միջնաշերտով:
Անառիկ Բաղաբերդը գրավել են խաբեությամբ մեկ գիշերվա ընթացքում: Փաստորեն, Բաղաբերդը եղել է Սյունիքի ամենաամուր բերդերից մեկը: Տեղանքի առանձնահատկությունները հմտորեն օգտագործելու շնորհիվ այն մնացել է անառիկ: Որպես պաշտպանական կառույց՝ իր դերով և նշանակությամբ ամրոցն ունեցել է երկու կարևոր շրջան. առաջին`մինչթագավորական (4-րդ դարի կեսից մինչև 12-րդ դարի սկիզբ): Առաջին շրջանում այն օգտագործվել է որպես հուսալի ապաստան և թաքստավայր: Երկրորդ`Սյունիքի թագավորության շրջանում (970-1170թթ.) ամրոցը ստանում է համապետական, ռազմավարական նշանակություն: Երկրորդ շրջանում կարելի է առանձնացնել նաև 1103-1170թթ., երբ Բաղաբերդը եղել է Սյունիքի թագավորության գահանիստ:
Ճարտարապետական տեսակետից Բաղաբերդը հայկական ռազմաշինարվեստի եզակի կառույց է:
[1] Քաջարան համայնքի հնագույն գյուղերից է։ Ներկայումս հաշվառված բնակչություն չկա։
Գանձասարի լեգենդը ու արջը՝ որպես գանձերի պահապան
Կապանից Քաջարան տանող ճանապարհին՝ Անդոկավան և Շղարշիկ բնակավայրերից քիչ հեռու՝ ճանապարհի ձախ մասում՝ մի ժայռաբեկորի վրա, կանգնած է արջի պղնձաձույլ արձանը, որի երախում բանալի է կախված: Արջը Սյունյաց անտառների տիրակալն է համարվել և դարերի ընթացքում խորհրդանշել է լեռնաշխարհի ուժն ու անառիկությունը: Ասում են, որ արջը փակել է դեպի Գանձասար տանող կիրճը և նրա բերանին է Հայոց աշխարհի անսպառ գանձերի բանալին: Ժողովրդական հետաքրքիր պատմություններ կան այս ամենի մասին:
Պատմում են, որ անհիշելի ժամանակներում, երբ հայոց աշխարհում դեռ ապրում էին հսկաների ցեղից մեր նախնի Հայկի որդիներն ու դուստրերը, թշնամիները բազմամարդ բանակներով հավաքվում և ցանկանում են գրավել Հայոց երկիրը: Մեր հսկա նախնիները կռվից առաջ իրենց գանձերը թաքցնելու համար տեղ են փնտրել Հայոց աշխարհում և փնտրելով հասել են Սյունիք, որտեղ էլ՝ Կապուտջուղ լեռան լանջերին, գտել են ապահով տեղ ու թաքցրել հայոց հարստությունը: Այդ օրվանից այդ վայրը կոչվել է Գանձասար: Ասում են նաև՝ Գանձասարի շուրջ բարձրացած ժայռերը այն հսկաներն են, որոնք իրենց ահարկու տեսքով և ուժով պահապան են Հայոց աշխարհը:
Գանձասարի հետ կապված պահպանվել է մեկ ուրիշ հետաքրքիր պատմություն: Շատ դարեր առաջ հայոց Արտավազդ թագավորը հռոմեական զորքերից իր գանձերը փրկելու համար հրամայում է դրանք թաքցնել Բաղաց աշխարհի լեռներից մեկի մեջ: Գանձերը պահպանելու համար լեռան վրա կառուցում է մի ամուր բերդ: Սրա պատերի տակ հռոմեական զորքերի և հայ քաջերի միջև տեղի է ունենում արյունահեղ կռիվ: Թշնամիները գրավում են բերդը, ավերում այն, բայց գանձերը չեն կարողանում գտնել: Դրանից հետո շատ նվաճողներ են գալիս, բայց ոչ մեկին չի հաջողվում գտնել գանձերը: Եվ սարի անունը գանձերի պատճառով մնում է Գանձասար:
Սյունյաց աշխարհը իր ընդերքով և իր շքեղ ու հարուստ բնաշխարհով գանձերի երկիր է, և դեպի Գանձասար տանող կիրճի վրա կանգնած Սյունիքի անտառների հսկան`արջը, պահպանում է Գանձասարը: Գանձերի մուտքի բանալին նրա բերանին է, և վա՛յ նրան, ով կփորձի տիրանալ գանձերի բանալուն…
Վահանավանք
Ավանդազրույցը պատմում է, որ ոմն Վահան, ով Սյունյաց Ձագիկ իշխանի որդին էր, պատժվում է Աստծու կողմից և դիվահարվում: «Դիվահարված» բառը նախապաշարումներով պարուրված միջնադարում նշանակում էր «մարդ, ում հոգում և մարմնում բույն էին դնում դևերը կամ չարքերը», որոնք այդ մարդուն երբեմն նաև այս կամ այն կենդանու կերպարանք էին տալիս: Եվ ահա պատմում են, որ Աստված գթասիրտ է լինում Վահանի հանդեպ և տեսիլքով հայտնում նրան, որ կփրկվի ապաշխարելով, և Տիրոջ կողմից թողություն կստանա միայն Աստծու տաճար կառուցելով: Այդ տեսիլքից հետո Վահանը կրոնավոր է դառնում և շատ ու խիստ ճգնություններից հետո գալիս է այն բարձր լեռան ստորոտը, որի վրա էր Բաղաբերդի ամրոցը: Աճանանի դիմաց գտնում է մի բարձր ու հարթ տեղ և աղոթքներով Աստծուց խնդրում է հաջողեցնել իր գործը: Հրավիրում կրոնակից վանականներին, և սկսում են եկեղեցու շինարարությունը: Եկեղեցին շատ գեղեցիկ մի շինություն էր՝ գմբեթահարկ, եռախորան: Եկեղեցին կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը: Այն կառուցվում է այնտեղ, որտեղ վերջանում էր միջնադարյան Կապան քաղաքը: Շրջակա անտառներն ու մարգագետինները, ինչպես նաև դիմացի Աչաղու և Շեկք գյուղերը տրամադրվում են եկեղեցուն: Հետագա տարիներին միաբանների ջանքերով կառուցվում են ուրիշ եկեղեցիներ և շինություններ: Վահանն իր անունով վանքը կոչում է Վահանավանք, որը հետագայում ճոխանում և դառնում է բազմամարդ մի բնակավայր: Վանքին կից կար դպրոց, արհեստանոցներ, ձուլարան: Այն ժամանակին դառնում է Սյունիքի կամ Կապանի թագավորության հոգևոր կենտրոնը՝ փոխարինելով Տանձափարախի նշանավոր վանքին, մասամբ նաև Տաթևի վանքին: Վահանավանքի կառուցումը տեղի է ունեցել 911 թվականին:
Վահանից հետո վանահայր է դառնում նրա եղբոր որդին՝ Վահան անունով, ով բարեկարգում է վանքը և ավելացնում բազմաթիվ շինություններ: Նա կառուցում է նաև մեծ աղոթատուն, որտեղ թաղված են Աղվանքի և Սյունիքի շատ թագավորներ ու թագուհիներ, Սյունիքի բազմաթիվ նշանավոր իշխաններ: Կառուցում է եկեղեցու գավիթը՝ վրան երկու խորան՝ Պողոս և Պետրոս առաքյալների անունով: 1086թ. Շահանդուխտ թագուհին և իր քույր Կատան կառուցում են Սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցին: Ըստ ավանդության՝ այդ եկեղեցում աղոթելով և ապաշխարելով անզավակ զույգերը Աստծուց օրհնություն են ստանում և զավակ ունենում:
Պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ բացի Սուրբ Գրիգոր լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներից վանական համալիրն ունեցել է ևս երեք եկեղեցիներ՝ Սուրբ Սիոն, Սուրբ Հարություն և Սուրբ Նախավկա:
Վահանավանքի վերջին եպիսկոպոսը Հովհաննես Կապանցին էր, ով 13-րդ դարի սկզբին թշնամիների կողմից Սյունյաց միջնաշխարհի ավերման պատճառով հեռանում է Վայոց ձոր, ուր և կառուցում է Սյունիքի մյուս հռչակավոր վանական համալիրը՝ Նորավանքը:
Փրկված մագաղաթների և Գիրաթաղ գյուղի անվան հետ կապված ավանդազրույցը
Բաղաբերդ ամրոցի նվաճման, այնտեղ ամբարված հարստություների, գանձերի, ինչպես նաև ամրոցի պահոցներում պահպանվող 10000 ձեռագիր մատյանների մասին պահպանվել է մի հետաքրքիր ավանդազրույց, որը, իհարկե, խիստ ճշմարտանման է և ուսումնասիրության կարիք ունի: Այդ ավանդազրույցը պահպանվել է սերնդեսերունդ և Բաղաբերդի անկումից ի վեր՝ 10 դարերի ընթացքում, հասել մինչև մեր օրերը:
Բաղաբերդ ամրոցը Հայոց հնագույն անառիկ ամրոցներից էր, որ գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, իսկ նրա տերերը, ինչպես Սյունիքի պատմիչն է նշում, ծագել են աստվածաստեղծ մարդու նախասկզբնական ազնիվ տոհմից: Բերդի անառիկ լինելու հանգամանքը ստիպել է վտանգի ժամին շրջակա ամրոցների, վանքերի և Կապան քաղաքի տերերին իրենց բնակիչներով, ունեցվածքով, նյութական այլ արժեքներով հանդերձ ապաստան գտնել Բաղաբերդ ամրոցում:
Այսպես, մինչև 12-րդ դարի երկորդ կեսը պատմական Սյունիքը, որը ավատական թագավորություն էր, մաս-մաս նվաճվեց հարևան մահմեդական ավատական ցեղերի կողմից, թագավորությունը ամփոփվեց մի փոքր տարածքի մեջ, որի կենտրոնում Բաղաբերդ ամրոցն էր: Տաթևի վանական համալիրից մինչև Բեխի վանական համալիր (անապատ) ընկած բոլոր բնակավայրերից ամենաարժեքավոր նյութական հարստությունները, ինչպես նաև արժեքավոր ձեռագիր մատյանները, որոնց թիվը 10000-ի էր հասնում, հավաքվեցին և ի պահ հանձնվեցին Բաղաբերդ ամրոցին: Բաղաբերդի նվաճման պատմությունը գրած ժամանակի պատմիչները նշում են, որ թշնամին նվաճեց ամրոցը խաբեությամբ, գիշերով և ավարի մատնեց հազարամյա անառիկ ամրոցը: Ի՞նչն էր հետաքրքրիր նվաճողներին: Թյուրքական վաչկատուն ցեղերի վերնախավին հետաքրքրում էր ոսկին ու արծաթը, կենցաղային օգտագործման ամեն բան, բայց ոչ հայկական հոգևոր մշակույթը և այդ մշակույթն իր մեջ ամփոփած 10000 ձեռագիր մատյանները: Ի՞նչ ճակատագիր ունեցան այդ անգիր գանձերը՝ դեռևս հայտնի չէ:
Ավանդությունը պատմում է, որ թշնամին քաջատեղյակ էր, որ հայ ժողովուրդը խորապես կապված է իր սրբությունների հետ և նույնիսկ իր երեխային կարող է փոխարինել Սուրբ Ավետարանի հետ, այդ պատճառով «գերի» են վերցրել ձեռագիր մատյանները վաճառելու նպատակով: Մեկ ուրիշ ավանդության համաձայն՝ ամրոցի պաշտպանները հասցրել են փրկել ձեռագրերը և այն ապահով տեղում թաքցրել: Թե որտեղ են դրանք, դեռևս ոչ ոքի հայտնի չէ, սակայն այն վայրը, որտեղ ենթադրաբար թաքցվել են ձեռագրերը, կոչվում է Գիրաթաղ (Բաղաբերդ ամրոցի հարևանությամբ գտնվող այժմյան Ներքին և Վերին Գիրաթաղ բնակավայրերը): Իսկ թե ինչո՞ւ է ենթադրվում, որ ձեռագրերը այդտեղ են թաղվել, մեզ օգնում է բնակավայրի անվան ստուգաբանությունը`«գիր և թաղել»: Ավելացնենք նաև, որ Գիրաթաղ բնակավայրի անվան հետ կապված մեկ այլ ստուգաբանություն կա, որը առնչվում է կուռք բառի հետ: Ասում են, որ այդ տարածքում կուռքեր և բագիններ են եղել, այդ պատճառով տարածքը կոչվել է նաև Կռաթաղ:
Սենեքերիմ և Սյունե
Սյունյաց աշխարհը հայտնի էր ոչ միայն իր վանքերով ու անառիկ բերդերով, ոչ միայն քրիստոսապաշտ ժողովրդով ու քաջ զորականներով, այլև ավանդազրույցներով: Դարերի խորքից այդպիսի մի գեղեցիկ զրույց է մեզ հասել Սյունյաց գեղանի աղջիկ Սյունեի և Սենեքերիմ արքայի սիրո մասին:
Միջնադարյան Հայաստանում ձևավորվել էին աղանդավորական տարբեր շարժումներ, որոնք հանդես էին գալիս պաշտոնական եկեղեցու ուսմունքի դեմ: Իրականում այդ շարժումները[1] սոցիալական բնույթ ունեին, և աղանդավորները[2] առաջ էին քաշում սոցիալական պահանջներ: Ահա այդպիսի աղանդավորական ընտանիքի աղջիկ էր նաև Սյունեն: Ժողովրդական ավանդազրույցը պատմում է, որ Սյունեն ապրել է այն ժամանակ, երբ Սյունիքի թագավորն էր Սենեքերիմը: Սյունեի հայրը աղանդավոր թոնդրակեցի էր, և որպես ապստամբ՝ մահապատժի էր ենթարկվել Սենեքերիմի հրամանով: Ասում են, որ այդ օրվանից նրա քաջ դուստր Սյունեն երդվում է վրեժ լուծել արքայից, և անընդհատ հետապնդում է նրան: Սյունեն վարժ տիրապետում էր զենքին, հմուտ նետաձիգ էր և հեծյալ:
Օրերից մի օր, երբ արքան իր շքախմբով Բաղաբերդ ամրոցից գնում էր դեպի Տանձափարախի վանքը՝ Բեխի անապատը, նրա ձին նետահարվում է, իսկ արքան վիրավորվում ուսից: Թիկնազորը հետապնդում է նետաձիգին. պարզվում է, որ նա մի գեղանի աղջիկ էր՝ աղանդավորների ընտանիքից: Սյունիքի այն ժամանակվա եպիսկոպոս Գրիգորը և Շահանդուխտ թագուհին պահանջում են, որ Սյունեն մահապատժի ենթարկվի, սակայն արքան հմայվել էր: Պատմում են, որ արքան թեպետ վիրավոր էր, սակայն ազդվել էր Սյունեի՝ գործած արարքի բացատրությունից և հմայվել նրա գեղեցկությամբ: Նա բանտախցից ազատում է Սյունեին և նույնիսկ նրան նվիրում Սևադա իշխանից նվեր ստացած սուրը: Սյունեն նույնպես հմայվել էր արքայով, և նրա մեջ մարում է վրեժի զգացումը: Նա արքային արդեն հետապնդում էր հանդիպելու և նրա գրկում լինելու համար:
Սենեքերիմն ու Սյունեն չկարողացան գաղտնի պահել իրենց սերը: Այդ մասին սկսեց խոսել ժողովուրդը, այդ մասին իմացավ նաև Շահանդուխտ թագուհին: Այն ընդունվեց անեծքներով և հանդիմանությամբ: Միջնադարում նման սերը դատապարտելի էր հասարակության կողմից: Միջնադարյան Հայաստանում և Կապանում աղջկան մի առաքելություն ուներ`ամուսնանալ և երեխաներ մեծացնել: Իսկ այս դեպքում խոսքը ոչ միայն արգելված սիրո, այլ նաև զենք կրող, ձիավար աղջկա մասին էր: Ասացողները նշում են, որ նրանք գաղտնի հանդիպում էին Ողջագետի ափերի մոտ գտնվող կաղնու գեղատեսիլ պուրակում: Սակայն նրանց երջանկությունը երկար չի տևում: Սենեքերիմ արքան դավադիր ձևով սպանվում է թուրք իշխանի կողմից: Սյունեն, վրեժի զգացումով լցված, որոշում է սպանել արքային սպանած թուրք իշխանին: Պատմում են, որ նա թուրք իշխանուհու նաժիշտի անվան տակ մուտք է գործում թշնամու բանակ, սակայն ապարդյուն. թուրք իշխանը կռահում է նրա ով լինելը և մտադրությունը: Ասում են, որ նա նույնպես լսել էր Սյունեի և Սենեքերիմի սիրո պատմությունը: Այնուամենայնիվ, նա ազատում է Սյունեին՝ ասելով.
-Եթե դու ինձ սպանեիր, դա քեզ պատիվ կբերեր, իսկ եթե ես քեզ սպանեմ, դա ինձ պատիվ չի բերի:
Սյունեն հեռանում է թշնամու բանակից: Բայց նրան վիճակված էր կրկին գերի ընկնել թշնամու ձեռքը: Պատմական Շեկք գյուղի[3] և այսօրվա Ձորաստանի կես ճանապարհին գտնվող Աղջկաբերդի պաշտպանության ժամանակ Կապանում արդեն հայտնի աղջիկ-զինվորը գերի է ընկնում թշնամու ձեռքը: Այդ նույն թուրք իշխանի հրամանով Սյունեն կուրացվում է, որից հետո նրան դարձյալ բաց են թողնում:
Սյունեն, ով ողջ կյանքում ապրել էր ազատ, ով չէր վախենում անգամ արգելված սիրուց, ով հրաժարվել էր Քրիստոսից, այլևս ուներ մեկ ցանկություն. մտնել վանք և իր կյանքի վերջին օրերը անցկացնել սիրելի արքայի շիրիմին մոտ: Սակայն նրան չներեցին ո՛չ Սենեքերիմի որդին`Գրիգոր արքան, ո՛չ Շահանդուխտ մայր թագուհին, ո՛չ Սյունյաց Գրիգոր եպիսկոպոսը: Ավանդությունը պատմում է, որ ժողովրդին հաճո ձևանալով՝ եպիսկոպոսը Սյունեի պարանոցից խաչ է կապում և նրան թույլատրում մուտք գործել Վահանավանք, բայց նրան սպանում են հենց այդ նույն վանք մտնելու օրը՝ սիրելի արքայի շիրիմը գրկելիս:
Մարդասպանները եպիսկոպոսից ստացան իրենց վարձը և որպես ականատեսներ՝ երկրով մեկ տարածեցին, որ կուրացած Սյունեն, այլևս չկարողանալով տանել իր ներքին տառապանքները, ինքնասպանություն գործեց Սենեքերիմ արքայի շիրիմի վրա:
Սյունիքում մինչև օրս էլ հիշում են, թե ինչպես Սյունյաց այլադավ և քաջ աղջկա կյանքն անցավ տառապանքների և սխրանքների մեջ, բայց երբեք չդավաճանեց իր գաղափարներին և սիրուն:
Նույնիսկ որոշ ասացողներ փորձում են ցույց տալ նրա գերեզմանը, բայց դեռևս անհայտ է մնում, թե որտեղ է թաղվել Սյունեն՝ արքայի մոտ, թե՞…
[1] Այդպիսի շարժում էր նաև Թոնդրակյան շարժումը, որն իր անվանումը ստացել է Թոնդրակ գյուղից:
[2] Հայ առաքելական եկեղեցին աղանդավորներին անվանում էր հերձվածողներ:
[3] Հիմա կոչվում է Շղարշիկ: