
Հացին աղբյուր
Խուստուփի լանջին՝ Վաչագանից 3 կմ հեռավորության վրա, մի գեղեցիկ բացատ կա, որին տեղացիները անվանել են Քօ̈լո̈ւ: Այստեղ մի քաղցրահամ, սառնորակ աղբյուր կա, որը կոչվում է Հացին աղբյուր:
Ըստ ավանդապատումի՝ դարեր առաջ իշխաններից փախած մի անապատական-ճգնավոր հաստատվում է այստեղ և 12 տարի ապրում է մի տրցակ լավաշով և աղբյուրի ջրով: Նա լավաշը ցողում էր ջրով և ուտում: Ավանդությունը ասում է, որ նա է մարդկանց հայտնել, որ տարին միայն մեկ օր՝ հուլիսի 8-ին, աղբյուրի ջուրը դառնում է բուժիչ: Խմողները բուժվում են տարատեսակ հիվանդություններից:
Ստամոքսի հիվանդություններ, մշտական գլխացավեր ունեցող մարդիկ ամեն տարվա այդ օրը՝ առավոտ կանուխ, ոտքով գալիս են բացատ, լավաշը թրջում Հացին աղբյուրի սառնորակ ջրի մեջ և ուտում: Միայն տարվա մեջ մի օր ջուրը դառնում է բուժիչ, եթե այն ցողես լավաշի վրա: Ասում են, որ ջուրը կենարար է դառնում միայն հացի միջոցով: Այդ է պատճառը, որ աղբյուրը կոչվում է Հացին աղբյուր:
Շատերը պնդում են, որ իսկապես բուժվել են այդ ջրով:
Աղբյուրից քիչ հեռու կա 10-րդ դարի կիսավեր մի եկեղեցի, որը, ըստ պատմական վկայությունների, կապված է Բեխի Նապատի, Վահանավանքի հետ: Ժողովուրդը եկեղեցին հիշում է Սուրբ Հովսեփ անունով, բայց այն անվանում են նաև Սուրբ Աստվածածին: Եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա կա խաչքար, որին տեղացիները անվանում են Յէկէղեցու ծօ̈րի Քօ̈լվա խաչ:
Ժամանակին «Ձորի Միրոն» կինոնկարի մի հատված նկարահանել են Քօ̈լո̈ւ կոչվող բացատում և նկարահանման ժամանակ օգտագործել են գյուղացիների լուծն ու ալաթը` արորը, որոնք հետագայում պահվում էին Քօ̈լո̈ւ տարածքի եկեղեցում: Ձիավորներից մեկն էլ ոմն վաչագանցի Դավիթն էր, որի ձի վարելու շնորհը շատ էր հավանել Սոս Սարգսյանը: Պատմում են նաև, որ դարեր առաջ հենց այդ բացատում տեղի է ունեցել ճակատամարտ թուրքերի և հայերի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով:
Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան