
Քամ խաչ
Վաչագան գյուղը հարուստ է սրբատեղիներով[1]: Դրանցից մեկն էլ Քամ խաչն է, որի մոտ աղբյուր կա: Քամ խաչը գտնվում է գյուղից ներքև՝ Վաչագան գետի ափին՝ Խուստուփ տանող ճանապարհի վրա: Խաչի զորությանը հավատում էին գյուղի տարեցները, այսօր էլ այդ հավատը մնացել է վաչագանցիների շրջանում:
Հնում, երբ գյուղացիները, ամռան երեք ամիսներին տուն-տեղ հավաքած, անասունները իրենց հետ վերցրած, սար էին գնում, ճանապարհին կանգ էին առնում Քամ խաչի մոտ: Տարեց կանայք այստեղ կատարում էին յուրօրինակ արարողություններ. աղոթք էին անում՝ հայացքներն Խուստուփին հառած, Խաչի աղբյուրին նվիրաբերում քաղցրավենիք, մանր մետաղադրամներ և շարունակում իրենց ճանապարհը:
Քամ Խաչի մասին իր հուշերում պատմում է վաչագանցի Ռիմա Նուրիջանյանը. «Խաչի զորությանը հավատում էին տատիկ-պապիկները, ընդօրինակում էին միջահասակները, իսկ փոքրիկները նայում և ուրախանում էին»: Կանայք, հասնելով Խաչին, իջնում էին ձիերից ու ջորիներից, հերթով մոտենում խաչին, համբուրում քարը, աղոթք շշնջում, սպիտակ դրամ դնում քարի վրա, մոմ վառում Խաչի գլխամասում և լուռ հեռանում դեպի սար: Նրանք ստիպում էին նույնը կրկնել իրենց փոքրիկներին՝ այդկերպ փոխանցելով իրենց ավանդույթները ժառանգներին:
Քամ խաչ էին գնում նաև տարբեր առիթներով, երբ մատաղ էին խոստանում Աստծուն, կամ էլ երաշտ էր սպասվում: Երբ երաշտը փչացնում էր բերքը, հացահատիկը, կանայք խմբերով աղոթք ասելով կանաչ խոտ էին վառում Խաչի մոտ, այնուհետև ջուր լցնում Խաչի վրա: Իսկ երկար տևած անձրևների ժամանակ, երբ բերքը կամ խոտը փչանում էր, աղոթք շշնջալով կրակ էին վառում Խաչի վրա: Շատ հաճախ այնպես էր պատահում, որ բնությունը իրոք փոխում էր իր ընթացքը՝ ոգևորելով մարդկանց, և նրանց թվում էր, թե իրենց մոգական գործողությունների ազդեցությունն է: Խաչի զորությանը հավատացող տարեցները անպայման ոտքով հասնում էին Քամ խաչ, աղոթք մրմնջում, աքլորը ձեռքին՝ չորս անգամ պտտվում խաչի շուրջը և կատարում զոհաբերություն: Աքլորի կտրված գլուխն ու ոտքերը դնում էին խաչի մոտ՝ քարի վրա, և արյունով խաչ անում այն մարդու ճակատին ու կրծքին, ում համար նախատեսված էր մատաղը: Այնուհետև մատաղացուն տուն տանելով՝ եփում և բաժանում էին 7 մասի, յուրաքանչյուր կտոր փաթաթում լավաշի մեջ և, երեխաների ձեռքին դնելով, ուղարկում գյուղի տարեց և հիվանդ մարդկանց տները: Մատաղ վերցնողները, սովորության համաձայն, ասում էին՝ «ընդունելի լինի»: Սա մի արարողություն է, որ եկել է դարերի խորքից և այսօր էլ կիրառվում է ամենուր, Հայաստանի ամեն անկյունում:
Ըստ Ս. Մալխասյանցի՝ «մատաղ» նշանակում է «ջահել կենդանի», ըստ Հ. Աճառյանի «մատաղ» բառն բացատրվում է «մատղաշ, փափուկ, դեռատի, մանկահասակ» իմաստներով: Ամենահետաքրքրականը Սուրբ Գրիգոր Տաթևացու բացատրություն է. «մատաղ» նշանակում է «մատուցի՛ր աղ» և այն ունի չորս խորհուրդ՝ առաջին՝ ընծա Աստծուն, երկրորդ՝ փրկության հույս, երրորդ՝ աղքատասիրություն և ողորմություն, չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ:
[1] Գյուղի տարածքում խաչքարեր շատ կան: Չալ քար կոչվող տարածքում՝ դեպի Խուստուփ գնացող ճանապարհին, կան իրար մոտ կանգնեցված տարբեր ձևի չորս մեծ ու փոքր խաչքարեր: Նմանատիպ խաչ կա նաև գյուղից դեպի Բաղաբուրջ ընկած Ղուրչիկ կոչվող տարածքում, որին ուխտի են գնում վաչագանցիներից բացի նաև բաղաբուրջեցիները: Այստեղ ևս տարիներ ի վեր տարբեր վայրերից, նույնիսկ հանրապետությունից դուրս բնակվող հայրենակիցները գալիս և մատաղի արարողություն են կատարում իրենց հիվանդ հարազատների համար: