Գասպար Հովհաննեսի Տեր-Մարգարյանը Գասպար Հովհաննեսի Տեր-Մարգարյանը ծնվել է 1856թ. Շրվենանց գյուղում՝ գյուղական քահանայի ընտանիքում:
Մանկուց հետաքրքրասեր էր, աշխույժ բնավորություն ուներ, աչքի էր ընկնում սովորելու ձգտումով:
10-ամյա Գասպարին մտահոգ բարեկամները իրենց հետ տանում են Բաքու՝ կրթության տալու նպատակով:
Լինելով եռանդուն, նախաձեռնող և շնորհալի՝ նա կարճ ժամանակում հմտանում է աշխատանքում, հասնում հաջողությունների: Որոշակի գումար հավաքելով՝ ձեռք է բերում նավթաբեր մի հողակտոր, կազմակերպում ընկերություն ու նավթ հայտնաբերելու համար իրականացնում հորատման աշխատանքներ: Բայց որոշ ժամանակ անց սպառվում է բանվորներին տրվելիք գումարը, և Գասպարը հայտնվում է ծանր վիճակում: Նա կարծում էր, որ ինքը ձախողված է: Պատմում են, որ նույնիսկ պատրաստ էր ինքնասպանություն գործել: Բայց ահա մի գիշեր հասնում են լրաբերները և հայտնում, որ հանքահորից նավթը շատրվանել է:
Ճակատագիրը չհիասթափեցրեց. հողամասը նավթաբեր է լինում: 25 տարեկան հասակում նա արդեն լուրջ գործունեություն է ծավալում: Եռանդուն աշխատանքի շնորհիվ դառնում է որոշակի կապիտալի տեր, հիմնադրում է ընկերություններ, որոնցից առանձնապես հայտնի էր «Արամազդը», որի անփոփոխ նախագահն էր:
Տեր-Մարգարյանցի կյանքի վաղ շրջանի մասին պատմում են հարազատները և հուշագրությունները: Անհայտ հեղինակի վկայությամբ՝ Գասպար Իվանիչը սովորել է Նորաշենիկում և ունեցել է շատ գեղեցիկ ձեռագիր: Բաքու տեղափոխվելուց հետո այստեղ սովորում է խոհարարություն, աշխատում է 1863թ. լեհական ապստամբությունից հետո այստեղ աքսորված մի լեհի տանը: Լեհը Բաքվում ապրեց 10 տարի: Այդ ընթացքում աքսորականի մայրը անընդհատ նամակներ էր գրում ցարին՝ որդուն ներում շնորհելու խնդրանքով:
1870-1880թթ. լեհը նավթ փնտրելու նպատակով հողամաս է ձեռք բերում: Բայց շուտով ստանում է ներման մասին հրամանագիրը և պատրաստվում է վերադառնալ հայրենիք: Հրաժեշտի առիթով պարահանդես է կազմակերպում և այստեղ էլ իր հողատարածքը՝ հորատող սարքերով հանդերձ, նվիրում է Գասպարին: Լեհը սիրում և գնահատում էր Գասպարին ազնվության, բարեկրթության և նվիրվածության համար: Ոմանք էլ պատմում են, որ Գասպարը հողամասը գնել էր լեհի հետ միասին: Նա ընդլայնում է գործունեության շրջանակները, հանդես է գալիս բարեգործական լուրջ նախաձեռնություններով: 30 տարեկանում ամուսնանում է Սիսիանի Լոր գյուղից Շուշանիկ Ավանեսյանի հետ: Միմյանց անսահման սիրով կապված հրաշալի այս զույգը երեխա չի ունենում, և որպես մխիթարություն որդեգրում են իրենց հարազատների զավակներին, օգնում սովյալներին, դպրոցներ բացում Շրվենանց և Լոր գյուղերում: «Մեր կառուցած դպրոցները թող մեր զավակները լինեն»,-հայտարարել են ամուսինները:
Տեր-Մարգարյանցի միջոցներով բազմաթիվ ուսանողներ սովորել են արտասահմանյան բուհերում, դարձել հասարակության համար պիտանի մարդիկ: Առաջին աշխարհամարտի տարիներին զգալի գումար է տրամադրել գաղթականության օգնության ֆոնդերին, մասնակցել է «Մեկ ոսկի, մեկ երեխա» հայտնի գործարքին, որով քրդերից գնվում էին գերված երեխաներ: Վիրավոր զինվորների համար հիվանդանոցներ է կառուցել Կովկասի քաղաքներում: Տեր-Մարգարյանցը ուշադիր էր սովյալների հանդեպ: Հայտնի է, որ 1906 և 1918 թվականներին հայրենի գյուղ է ուղարկել հարյուրավոր փութերով ալյուր:
Հովանավորել է գրականության և մշակույթի գործիչներին, ինչպիսիք են՝ պատմաբան Լեոն, դերասանուհի Սիրանույշը, ռուս նշանավոր երգիչ Ֆեոդոր Շալյապինը: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Էջմիածնի Մայր Աթոռին, արժանացել է Գևորգ կաթողիկոսի շնորհակալությանը: Նամակագրական կապ ուներ Զորավար Անդրանիկի, պատմաբան Լեոյի, Մեսրոպ Տեր-Մովսիսյանի, Շալյապինի և այլոց հետ:
Խորհրդային իշխանությունը իր ստեղծման օրից անհանդուրժողական էր հայ բուրժուազիայի հանդեպ: Զգալով, որ վտանգավոր է երկրում ապրելը, նա կնոջ հետ հեռանում է Ֆրանսիայի Նիցցա քաղաքը, որտեղ էլ կնքում է մահկանացուն 1935թ: Այսօր էլ Նիցցայում պահպանվում են բարերար ամուսինների համեստ շիրիմները:
Տեր-Մարգարյանցի մասին արխիվային վավերագրեր պահպանվում են Մատենադարանում, ՀՀ Ազգային արխիվում և Կապանի երկրագիտական թանգարանում:
Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան

