Նազիկ թագուհին
Տանձավեր գյուղից մոտ 2-3 կմ հյուսիս-արևմուտք՝ Մաճ կոչված վայրում, կառուցված է մի եկեղեցի, որի անունը հայտնի չէ: Եկեղեցու մոտ գտնվում է խաչազարդ մի գերեզմանաքար` ջարդված, հարսանիքի պատրաստվող կնոջ պատկերաքանդակով: Եկեղեցուց վերև գտնվում է մի կնոջ գերեզմանաքար, որին անվանում են Նազիկ թագուհի: Տեղի բնակիչները պատմում են, որ Նազիկը եղել է հզոր ու հարուստ իշխանի դուստր, ունեցել է բազում հարստություններ, բայց քաշվել է լեռները՝ ճգնելու ու Աստծուն աղոթելու համար: Շրջակա մահմեդականները, իմանալով Նազիկի գեղեցկության մասին, գալիս են, որ նրան գերեվարեն ու տանեն իրենց մոտ՝ որպես երկրորդ կին: Բարեպաշտ հայուհին նախընտրում է մահը, քան թշնամու հետ ամուսնությունը, և ինքնասպան է լինում:
Նրա գերեզմանը ժողովրդի կողմից ընկալվում է որպես աղոթատեղի ու խորը ակնածանքի է արժանանում: Համարվում է, որ Նազիկ թագուհու հետ թաղված են նաև նրա բազում հարստությունները, ոսկիները: