Բաղաբերդ ամրոց


Բաղաբերդ ամրոցը Մեծ Հայքի Սյունիք նահանգի անառիկ ամրոցներից էր, որը 4-րդ դարից սկսած եղել է ռազմական կարևոր հենակետ: Այն գտնվում է Կապան-Քաջարան մայրուղուն հաղորդակից Անդոկավան, Դավիթ Բեկ և Ներքին Գիրաթաղ
[1] բնակավայրերի հարևանությամբ: Բերդի համար ընտրվել է Ողջի գետի ձորերով շրջապատված մի բարձրավանդակ, որն իր գերիշխող դիրքով հնարավորություն է ունեցել հսկելու պատմական Կապան քաղաքն ու անհրաժեշտության դեպքում ծառայել որպես ռազմակայան: Բաղաբերդի հյուսիսով անցնում է երկու ճանապարհ. դրանցից մեկը գալիս է Բարկուշատի ու Աճենի կողմից ու ձգվում դեպի Արևիք ու Գողթն, մյուսը սկիզբ է առնում հենց Բաղաբերդից ու ձգվում է դեպի Տաթև: Նախքան պատմական Կապանի պաշտպանական կենտրոն դառնալը Բաղաբերդը եղել է պատմական Սյունիքի անմատչելի բերդը և ծառայել որպես ռազմական հենակետ և հուսալի ապաստան քաղաքական տարբեր ընդհարումներից պատսպարվելու համար: Եթե մինչև Սյունիքի թագավորությունը բերդը եղել է որպես անառիկ ապաստան, ապա թագավորության շրջանում բերդը դառնում է գահանիստ կենտրոն: Պատմական Կապան մայրաքաղաքի կործանումից հետո այստեղ են կենտրոնացվել և պահպանվել Տաթևի վանքի և թագավորության գանձերն ու մեծաթիվ ձեռագիր մատյաններ: Կապան մայրաքաղաքի գրավումից 67 տարի հետո միայն թշնամուն հաջողվում է խաբեությամբ գրավել Բաղաբերդը: Բերդին կարելի էր մոտենալ միայն հարավ-արևմուտքից, որտեղ էլ տեղադրված էր միակ մուտքը: Մուտքի հյուսիսային հատվածում տեղադրված էր ամենամեծ բուրգը և օգտագործվել է որպես մուտքը պաշտպանող հսկիչ աշտարակ: Մուտքը կառուցելիս օգտագործվել է հայկական ամրոցաշինության մեջ լայն տարածում գտած մուտքային փակուղիները: Ամրոցի մուտքային մասի պարսպապատը կառուցված է այնպես, որ թշնամին մուտք գործելիս հայտնվում է դիմացի ուղղաձիգ ժայռազանվածի առջև, որն էլ նեղացնում է դեպի միջնաբերդ տանող անցուղին և որտեղով կարելի է անցնել մեկ-երկու շարքով: Այս նեղ միջանցքը ևս պաշտպանված էր աշտարակով: Պարսպապատերի ամբողջ գոտին կառուցվել է շինարարական 3 փուլերով: Ամրոցի պատերն ու բուրգերը եռաշերտ են` կառուցված բազալտից, կիսամշակ, անկանոն քարերից, կրաշաղախի միջնաշերտով:
Անառիկ Բաղաբերդը գրավել են խաբեությամբ մեկ գիշերվա ընթացքում: Փաստորեն, Բաղաբերդը եղել է Սյունիքի ամենաամուր բերդերից մեկը: Տեղանքի առանձնահատկությունները հմտորեն օգտագործելու շնորհիվ այն մնացել է անառիկ: Որպես պաշտպանական կառույց՝ իր դերով և նշանակությամբ ամրոցն ունեցել է երկու կարևոր շրջան. առաջին`մինչթագավորական (4-րդ դարի կեսից մինչև 12-րդ դարի սկիզբ): Առաջին շրջանում այն օգտագործվել է որպես հուսալի ապաստան և թաքստավայր: Երկրորդ`Սյունիքի թագավորության շրջանում (970-1170թթ.) ամրոցը ստանում է համապետական, ռազմավարական նշանակություն: Երկրորդ շրջանում կարելի է առանձնացնել նաև 1103-1170թթ., երբ Բաղաբերդը եղել է Սյունիքի թագավորության գահանիստ:
Ճարտարապետական տեսակետից Բաղաբերդը հայկական ռազմաշինարվեստի եզակի կառույց է:
[1] Քաջարան համայնքի հնագույն գյուղերից է։ Ներկայումս հաշվառված բնակչություն չկա։