» » Շիկահողի մասին

Շիկահողի մասին


Սյունիքի մարզի Շիկահող գյուղը Կապանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է: Գյուղը Շիկահողք անվամբ (շեկ հողեր) առաջին անգամ հիշատակված է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» մեծարժեք աշխատության մեջ` որպես Տաթևի հայրապետական աթոռին հարկատու գյուղ: Այն եզակի գյուղերից է, որ պահպանում է իր հնագույն անվանումը՝ Շիկահողք: Հայկական են նաև գյուղի շրջակայքի ու մերձակա բոլոր տեղանունները:
Հարուստ անտառների, բուսականության, մեղմ կլիմայի շնորհիվ մարդն այստեղ բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից, որի մասին վկայում են պեղումների և շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական արժեքները:
Գյուղի գրեթե ողջ տարածքում փռված են Ք.ա. 2-րդ հազարամյակի և հետագա ժամանակների դամբարանադաշտերը: Առավել հայտնի են Սպիտակ հողերի, Կարմիր հողերի, Սլորիձորի, Խրավանդի, Հին դպրոցի, Ագերի, Քղցահանդի, Կապի արտի, Քրկտորի դամբարանադաշտերը: Այս վայրերից հայտնաբերված են բրոնզե ասեղներ, բիզեր, ուռուցիկ կոճակներ, սակր /կացին/, նետասլաքներ, դաշույններ, թրեր, նիզակի ծայրակալներ, գոտիներ,բրոնզե և քարե ուլունքների շարաններ, զարդանախշ գոտիներ, ականջօղեր, բրոնզե արձանիկներ և այլն:
Հայտնաբերվել է նաև հարուստ խեցեղեն` կավե սափորներ, կարասներ, կենդանակերպ անոթներ, արձանիկներ, ծիսական-պաշտանմունքային անոթներ, կուռքեր:
Գտածոներից ուշագրավ է բրոնզե սակրը /Ք.ա. 10-8-րդ դարեր/, որը հայտնաբերվել է Քրկտորի պղնձի հնադարյան հանքավայրի խոռոչում: Սա վկայում է, որ Շիկահողում հնագույն ժամանակներում հենց տեղական հումքի վրա ձուլվել է բրոնզ: Հայտնաբերվել են նաև քարե կացնիկներ, որոնք թվագրվում են Ք.Ա. 7-րդ հազարամյակով: Նույն վայրը` Քրկտորը 19-րդ դարի 2-րդ կեսին շահագործվել է ֆրանսիացիների կողմից:
Քրկտոր հանքավայրը և հանքախորշերը ընկած է գյուղից 1,5կմ հեռավորության վրա ` Շիկահող գետակի ափին, մատչելի է հետիոտնի համար:
Իր գոյության ընթացքում Շիկահողը երբեք չի լքվել, որի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցվել և մեզ են հասել հեթանոս ժամանակների ավանդույթները, սովորույթները, աղոթքները, կենցաղի տարրերը:
Ոչ մի բնակավայրում մարդու և բնության միջև այնպիսի կապ չկա, ինչպիսին Շիկահողում: Գյուղում անհիշելի ժամանակներից զարգացել է այգեգործությունը:
Այսօր էլ այստեղ գոյություն ունի լեռների պաշտամունք: Պաշտվում են Խուստուփ լեռը և գյուղի հյուսիսում և հարավում բարձացող Բերդի քար և Ճանճապտուկ լեռնագագաթները:
Միջնադարի ընթացքում Շիկահողով է անցել միջազգային առևտրական ուղիներից մեկը, որը Քուռ գետի ավազանը կապել է Արաքսի ափի Ջուղա հայտնի քաղաքի հետ: Դրա վերաբերյալ ևս կան վկայություններ, ինչպես օրինակ նույն առևտրական ճանապարհի վրա հայտնաբերված 15 և 16-րդ դարերի Եվրոպական և Արևելքի երկրների դրամները:




 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան ԱրմինեՀովհաննիսյան

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը