Բալի զորավարը
Զորավար Բալին պատմական անձնավորություն է, ով եղել է Դավիթ-Բեկի ազգային ազատագրական շարժմանականավոր դեմքերից՝ բեխցիների զինված ջոկատներից մեկի հրամանատարը:
Նրա հերոսական գործերն ու անսահման քաջությունը արտացոլված են Րաֆֆու «Դավիթ Բեկ» և Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպերում:
Ազատագրական պատերազմի ընթացքում մեկը մյուսին հաջորդում էին ճակատամարտերը, որոնցից մեկն էլ տեղի էր ունեցել 1724 թվականինԽոտանանի Հցոտ կոչվող վայրում:
Մարտերը տեղի էին ունենում Մխիթար Սպարապետի ուժերի և Բարգուշատի խանի ավազակախմբերի միջև:
Կռվի ընթացքում թշնամու սրի հարվածից կիսով չափ կտրվում է Բալի Զորավարի պարանոցը:
Թշնամին կարծում է, թե նա արդեն սպանված է, թողնում է ընկած ու հեռանում:
Բայց ահա որոշ ժամանակ անց ուշքի է գալիս Բալին, պարանոցն «առնում» էուսերին և Խոտանանից մինչև Հալիձորի բերդն ընկած
հսկայական տարածությունը անցնում է մի կերպ սողալով, տեղ-տեղ քայլելով:
Բոլոր ականատեսները, ինչպես վկայում է Ղուկաս Սեբաստացին, հիացել էին ու սքանչացել նրա հերոսական արարքից:
Չնայած ծանր վիրավորված լինելուն՝ Բալին երկար ապրեց, որի մասին վկայում է Բեխի եկեղեցու առջև Բալիի գերեզմանին տեղադրված տապանաքարի վիմագիրը
[1]:
Բալի Զորավարի կերպարը ոգևորել է սերունդներին, այսօր էլ կան նրա ժառանգները
[2]:
Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան
[1] Տապանաքարի վրա արձանագրված է. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԵԼԻՔ-ՓԱՐՍԱԴԱՆԻ ՈՐԴԻ ԲԱԼԻ ԶՈՐԱՎԱՐԻԻ ԹՎ ՌՄԽ»:
ՌՄԽ-ն 1240 թվականն է, որին եթե գումարենք հայոց 551 թվականը, ստացվում է 1791 թվականը:
[2] Զորավարի մասին հիասքանչ պոեմ է գրել կապանցի բանաստեղծ Գրիգոր Գևունցը (Զորավար Բալի, Ե., 2001):

Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան